ՌԴ-Ն ԱՌԱՋԸՆԹԱՑ ՈՒՆԻ ԴՈՆԲԱՍՈՒՄ
Ռուսական կողմն աստիճանական, դանդաղ, բայց շոշափելի առաջընթաց է գրանցում Դոնբասում՝ Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
«Լոնդոնը և դաշնակիցները պետք է Կիևին համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարեն»,- նշել է Բորիս Ջոնսոնը։
Վարչապետի խոսքով՝ դրանք ուկրաինացիներին հնարավորություն կտան պաշտպանվել ռուսական հրետանուց։
ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԿԻԵՎԻՆ
Ուկրաինայի ղեկավարությունը հակասական հայտարարություններ է անում, որոնք թույլ չեն տալիս մեզ հասկանալ՝ ինչ է ուզում Կիևը՝ նշել է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վոլոդիմիր Զելենսկու հայտարարություններն այն մասին, որ ռուսական կողմը չի ցանկանում բանակցել ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։
«Բանակցություններն այժմ սառեցված են ուկրաինական կողմի որոշմամբ»,- պնդել է ՌԴ նախագահի խոսնակը։
Ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, որն այսօր ընտրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում, տեղեկացրել է, որ բանակցող խմբերի աշխատանքների հետ կապված խնդիրներ կան։
«Դրանց դինամիկան միառժամանակ նվազել է, սակայն ձևաչափը, գուցե, դեռ ամբողջովին սպառված չէ․ այս հարցում բավական զգույշ եմ արտահայտվում»,- նշել է պաշտոնյան։
ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ ԵՆ
ՆԱՏՕ-ն այս պահին մտադիր չէ Ուկրաինային անդամակցություն առաջարկել՝ հայտարարել է Իսպանիայի արտգործնախարարը։
«Ուկրաինան նման պահանջ չի ներկայացրել»,- նշել է Խոսե Մանուել Ալբարեսը։
Նա անդրադարձել է նաև աշխարհում պարենային իրավիճակին։
«Մի շարք երկրներ արդեն զգում են ճգնաժամի հետևանքները։ Այն ավելի երկար կտևի, քան պատերազմը, իսկ պատերազմը, հավանաբար, շուտ չի ավարտվի», - մտահոգություն է հայտնել նախարարը։
Նրա խոսքով՝ Իսպանիան փորձում է տեխնիկական լուծումներ առաջարկել ուկրաինական հացահատիկը արտերկիր արտահանելու համար։
ՇՎԵԴԻԱՅԻ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՏՕ-ԻՆ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ՆԱՏՕ-ի ռազմավարական նոր հայեցակարգը պետք է նպաստի ահաբեկչության դեմ պայքարին՝ համոզմունք է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարը Լեհաստանի և Ռումինիայի իր գործընկերների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Մևլութ Չավուշօղլուն նաև ընդգծել է՝ ակնկալում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցի հետ կապված Անկարայի մտահոգություններին այդ երկու երկրի արձագանքին։
Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն, իր հերթին, հավատացրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության գործընթացը ամիսներ և տարիներ չի տևի։
«Այս որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ՝ հաշվի առնելով կառույցի բոլոր անդամների, այդ թվում՝ Թուրքիայի շահերը», - հավելել է Ռաուն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակի շուրջ հնարավոր կլինի համաձայնության հասնել մինչև այս տարվա հունիսին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովը։
«Երբ դաշնակիցը խնդիր է բարձրացնում, այն հարկավոր է լուծել։ Ոչ ոք այնքան ահաբեկչությունների չի ենթարկվել, որքան Թուրքիան։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ներառված է ահաբեկչական կազմակերպությունների՝ Եվրամիության, այդ թվում՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի ցանկում։ Բոլոր գործընթացները պետք է արագացնել, դեռ ժամանակ ունենք», - նշել է Ենս Ստոլտենբերգը։
«ԿԱՊԻԿԻ ԾԱՂԻԿ» Է ԳՐԱՆՑՎԵԼ 20 ԵՐԿՐՈՒՄ
Ֆինլանդիայում հաստատվել է կապկի ծաղկով վարակման առաջին դեպքը։ Մասնագետները երկրում հիվանդության տարածման հավանականությունը ցածր են գնահատում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալով՝ Եվրոպայի և Ամերիկայի արդեն 20 երկրում գրանցվել է կապկի ծաղկի ավելի քան 300 դեպք։ Կառույցի փորձագետների կարծիքով՝ զանգվածային պատվաստման անհրաժեշտություն դեռևս չկա։
Հիվանդությունն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, հիմնականում մարդուն փոխանցվում է վայրի կենդանիներից: