ՌԴ-Ն ԿՄԵԾԱՑՆԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԻՆ ԼԱՐՍՈՒՄ
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատում է ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի թողունակության մեծացման ուղղությամբ։ Կառույցի տվյալով՝ այժմ Ռուսաստանից դեպի Վրաստան մուտք գործելու համար սպասում է 900 բեռնատար, որոնց գրանցման համար պահանջվում է միջինում 2-3 օր։
«Մինչև այս տարվա հուլիս կներդրվի մեքենաների անցման լրացուցիչ 12 գիծ, մինչև տարեվերջ՝ ևս 12-ը։ Այդպիսով՝ Վերին Լարս անցակետում մեքենաների անցման գծերի թիվը կհասնի 39-ի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մինչ այս անցակետով օրական անցել է մինչև 1500 ավտոմեքենա։
«Ընթացող աշխատանքների արդյունքում օրական թողունակությունը հնարավոր է հասցնել 2300-ի»,- մանրամասնել են նախարարությունում։
ՌԴ-Ն ԿՆՊԱՍՏԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆԸ ՄԵԿ ԴԵՊՔՈՒՄ
Մոսկվան պատրաստ է նպաստել պարենային ճգնաժամի հաղթահարմանն ու հացահատիկ և պարարտանյութ արտահանել, եթե Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները չեղարկվեն՝ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
Անդրադարձ է եղել նավագնացության անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ Ազովի և Սև ծովերի նավահանգիստներից քաղաքացիական նավերի ելքի համար մարդասիրական միջանցքների բացմանը։ Կրեմլի ղեկավարը վստահեցրել է Դրագիին, որ Մոսկվան մտադիր է շարունակել գազ տրամադրել Հռոմին։
Հեռախոսազրույցից հետո Իտալիայի վարչապետը հանդես է եկել մամուլի ասուլիսով, հայտնել՝ Աֆրիկյան որոշ երկրներում արդեն պարենային ճգնաժամ է նկատվում, դա սարսափելի մարդասիրական հետևանքներ կունենա։
ԱՄՆ-Ը ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ՄԻՏՔ ՉՈՒՆԻ
ԱՄՆ-ը չի դիտարկում հակառուսական սահմանափակումները չեղարկելու հնարավորությունը՝ համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարման ապաշրջափակման դիմաց՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։
Կարին Ժան Պիերը հավելել է, որ Վաշինգտոնը պահանջում է Մոսկվայից ապահովել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը սևծովյան նավահանգիստներով։
«Արևմտյան պատժամիջոցները չեն խանգարում արտասահման ռուսական հացահատիկի մատակարարմանը»,- նշել է Սպիտակ տան խոսնակը։
ԶԵԼԵՆՍԿԻԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՆԼՈՒՐՋ ԵՆ. ԼԱՎՐՈՎ
Վոլոդիմիր Զելենսկին անլուրջ պայմաններ է առաջադրում Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Զելենսկին ամեն օր հարցազրույցներ է տալիս, ասում, որ պատրաստ է բանակցությունների, բայց միայն Պուտինի հետ՝ առանց միջնորդների, և միայն երբ Ուկրաինան վերականգնի իր վերահսկողությունը մինչև փետրվարի 23-ը զբաղեցրած տարածքների վրա։ Նման բան պահանջելը, անխոս, լուրջ չէ»,- նշել է դիվանագետը։
Նրա համոզմամբ՝ Արևմուտքին ձեռնտու է աջակցել նման անկայուն դիրքորոշմանը։
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ՀՅՈՒԾԻՉ ԼԻՆԵԼ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ պետք է պատրաստ լինել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է երկար տևել և հյուծիչ լինել։
«Սկզբում մենք խորհրդային ժամանակաշրջանի զենք էինք տրամադրում Կիևին, բայց հիմա ավելի շատ ՆԱՏՕ-ի ստանդարտների սարքավորումներ ենք մատակարարում»,- մանրամասել է Ենս Ստոլտենբերգը։
Ուկրաինայում Հյուսիսատլանտյան դաշինքի խնդիրներից մեկը, նրա խոսքով, էսկալացիայի կանխումն է:
«Մեր պարտականությունն է պաշտպանել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին։ Աջակցում ենք մեր մերձավոր գործընկեր Ուկրաինային, բայց առանց հակամարտության մեջ ներքաշվելու, առանց զորքեր ուղարկելու»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը։
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԶԵԼԵՆՍԿԻԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
Մինչ Եվրամիությունը փորձում է համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, Մոսկվան եվրոպացիներից օրական մոտ մեկ միլիարդ եվրո է ստանում էներգիա մատակարարելու համար՝ մտահոգություն է հայտնել Վոլոդիմիր Զելենսկին։
«Ուկրաինայում աղետը հնարավոր կլիներ կանխել, եթե աշխարհն ապրումակցեր Կիևին, եթե հզոր տերությունները չսիրահետեին Ռուսաստանին: Որտեղից այդքան ուժ այն երկրներին, որոնք արգելափակում են վեցերորդ փաթեթը։ Ինչքա՞ն ժամանակ է՝ մենք պայքարում ենք, որ Ուկրաինան ստանա անհրաժեշտ բոլոր զինատեսակները, որ փոխենք կռվի ընթացքը և ավելի վստահ վտարենք հակառակորդին»,- հայտարարել է նախագահը։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը առաջարկել էր պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում չքննարկել ռուսական նավթի էմբարգոյի հարցը, քանի որ Միության առաջնորդներին դեռևս չի հաջողվում կոնսենսուսի գալ այդ հարցում։
ՌԴ-Ն ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՎԵՏՈ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ ԱՄՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուսաստանն ու Չինաստանը վետո են կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նկատմամբ: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ՄԱԿ ԱԽ 13 անդամ:
Բանաձևում նշվում է, որ Անվտանգության խորհուրդը դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից մարտի 24-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը։ Նախագծով նախատեսվում էր նաև կրճատել Հյուսիսային Կորեա հում նավթի և վերամշակված արտադրանքի մատակարարումները: Քվեարկությունից հետո Ռուսաստանի ու Չինաստանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Փհենյանի վրա ճնշումը չի նպաստի Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանը։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը կարծիք է հայտնել, որ վետոյի պատճառով հյուսիսկորեական հրթիռամիջուկային ծրագիրը նոր թափ կստանա։