Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման ու հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:
Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ):
Մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով:
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ մասնակիցներին մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 06:40-ին, կլինի Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանում:
Ժամը 07:15-ին նախատեսվում է գնացքի մեկնումը դեպի Շողակաթ՝ առանց կանգառի:
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը ժամը 12:30-ին նախատեսված է Շողակաթ համայնքից:
Երևան վերադարձը՝ ժամը 17:00-ին, Սևանի կայարանից: Այն մասնակիցները, որոնք մրցավայր կժամանեն իրենց անձնական մեքենաներով, մեկնարկի հատվածում՝ Շողակաթ համայնքում, պետք է լինեն մրցումից երկու ժամ առաջ՝ ժամը 10:30-ին, անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:
Մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 28-ին՝ ժամը 10:00- 18:00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։