Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել մեր բարեկամ երկրի՝ Չեռնոգորիայի նախագահին՝ իմ հարգարժան գործընկեր Միլո Ջուկանովիչին:
Նախագահ Ջուկանովիչի հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-չեռնոգորյան երկկողմ փոխշահավետ հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու հեռանկարներն ու գործնական քայլերը: Վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունն այդ հարցում:
Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Արձանագրեցինք, որ զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ և պատրաստակամություն հայտնեցինք ամեն կերպ աջակցելու դրա իրացմանը:
Այդ համատեքստում անդրադարձանք նաև արդյունաբերության, առողջապահության, վերականգնվող էներգիայի ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին:
Ուրախ եմ արձանագրել, որ Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Պոդգորիցայի քաղաքապետը: Երևանն ու Պոդգորիցան դեռ 1978 թ. ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, և մենք նախագահ Ջուկանովիչի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք աջակցել երկու մայրաքաղաքների իշխանություններին՝ համագործակցությանը նոր թափ հաղորդելու հարցում:
Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Ուրախությամբ եմ արձանագրում երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մեր տեսակետների ընդհանրությունը:
Հատուկ ընդգծվեց հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը և այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում՝ Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը:
Հարգարժա՛ն պարոն նախագահ, կրկին շնորհակալ եմ անկեղծ քննարկումների համար»: