Էստոնիայի «Հայրենիք» ազգայնական կուսակցության ղեկավարությունը, որն ամենշաբաթյա պիկետներ է կազմակերպում Տալլինում ՌԴ դեսպանատան մոտ, դժգոհել է, որ ռուսական դիվանագիտական առաքելությունը, ի պատասխան իրենց հերթական ակցիայի, բարձր միացրել է խորհրդային զինվորական երգեր՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նման դիսկոտեկի կազմակերպման համար անհրաժեշտ է հանրային միջոցառման թույլտվություն»,- ասել է կուսակցության ղեկավարը։ Նա չափազանց ցինիկ և անօրինական արարք է համարել Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության հաղթանակը գովերգող երգերի հեռարձակումը մոտ 100 դեցիբել հզորությամբ, որը խանգարում է իրենց օրինական ակցիային:
«Հայրենիք» կազմակերպությունը Ռուսաստանի դեսպանատան այս քայլը գնահատել է որպես միջամտություն Էստոնիայի ներքին գործերին և իշխանություններից պահանջել է կարգի հրավիրել դիվանագիտական առաքելությանը։