Խաբեությամբ գումար հափշտակելու նոր սխեմա: Հանցագործները առուվաճառքի կայքերում գտնում են iPhone-ի վաճառքի հայտարարություններ, կապ են հաստատում վաճառողի հետ, տրամադրում են իրենց «այքլաուդի» մուտքանունն ու գաղտնաբառը և խնդրում դրանք հավաքել հեռախոսում, որպեսզի գնորդը, իբր, համոզվի՝ վաճառվող հեռախոսը աշխատունակ է, թե՝ ոչ: Երբ վաճառողը մուտքագրում է դրանք, գնորդը, փոխելով գաղտնաբառը, ամբողջ ծավալով արգելափակում է հեռախոսը՝ սպառնալով չվերականգնել այն կամ ջնջել տվյալները, եթե վաճառողն իրենց գումար չփոխանցի: Ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ դեպքերի բացահայտմանն ուղղված քայլեր են ձեռնարկում:
Հայկ Մկրտչյան (ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ) - Այֆոններին որոշակի կերպով հասանելիություն ստանալու մասով քաղաքացիների բողոքների հիման վրա ոստիկանությունում 4 դեպք է արձանագրվել: Ներկայումս այդ գործերը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում, դեռևս քրեական գործեր չեն հարուցվել, բայց մոտ օրերս բոլոր դեպքերով կհարուցվեն:
Ոստիկանությունը օրերս հայտարարություն էր տարածել՝ հորդորելով ոչ մի դեպքում չտրամադրել անծանոթ անձանց օգտահաշիվների տվյալները և բջջային հեռախոսներում չմուտքագրել այլոց օգտահաշիվների տվյալները:
Հայկ Մկրտչյան - 4 դեպքում միևնույն լուսանկարով, հայկական հեռախոսահամարով ու ձեռագրով՝ Whatsup հավելվածի միջոցով հաղորդակցություն է վարվել հաճախորդների հետ: Նամակագրությունը վարվել է ռուսերեն:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ հանցագործության այս տեսակը Հայաստանում նոր է, իսկ Iphone օգտագործողների զգալի մասը՝ հեռախոսի որոշ հնարավորություններից անտեղյակ:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Եթե հեռախոսը, օրինակ, քեզանից գողացան, դու կարող ես ոչ միայն դրա տեղը գտնել, այլև արգելափակել, որպեսզի գողը չստանա մուտք քո տվյալներին, գոնե ապահով լինես, որ գոնե քո եղած-չեղածը չի կորի՝ «ինչ լինում է՝ ժեշտին լինի» սկզբունքով: Այս խաբեբաները դրանից են օգտվում:
«Լուրեր»-ին հաջողվեց կապ հաստատել խաբեության զոհ դարձածներից մեկի հետ: Հեռախոսը արգելափակումից հանելու համար 30 հազար դրամ են պահանջել, բայց նա չի փոխանցել. ո՞վ գիտի, գուցե փոխանցելուց հետո նորից ուզեն: Դիմել են Apple-ին, հույս ունեն՝ կազմակերպությանը կկարողանան ապացուցել, որ տուժել են խարդախությունից: Մարտիրոսյանի խոսքով՝ եթե նույնիսկ հաջողվի՝ երկար կտևի:
Սամվել Մարտիրոսյան - Դրա համար այդ ամենը շատ երկար քաշքշուք է, այնտեղ եթե գոնե մի փոքր կասկած են ունենում, միանգամից փակում են ու չեն էլ խորանում, բայց ես առնվազն դեպքեր գիտեմ, երբ հաջողվել է: Իհարկե երկար է տևում. ինչ-որ պահի կարող է պահանջվի հաղորդակցվել ոչ թե էլեկտրոնային փոստով, այլ՝ թղթով, նամակներով և այլն: Բայց այդ ամենը կտևի ամիսներ»:
Ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնից հայտնում են, որ տարեցտարի էլեկտրոնային եղանակով գումարի հափշտակման դեպքերի աճ է գրանցվում՝ պայմանավորված տեխնոլոգիաների զարգացմամբ և մարդու կյանքում տեխնիկայի դերի բարձրացմամբ: Եթե 2021 թվականին 518 դեպք է արձանագրվել, ապա այս տարի՝ արդեն 333:
Հեղինակ՝ Էդուարդ Հովհաննիսյան