Մայիսի 23-ի ուժգին քամու հետևանքով Երևանում ծառ էր տապալվել: Արամի փողոցում բարդին կոտրվել և ընկել էր մեքենայի վրա:
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը նշում է՝ բարդին չի կարելի տնկել բակերում, անգամ քաղաքի փողոցներում: Չնայած համարվում է, որ այն կարող է ապրել մինչև 120 տարի` մեր քաղաքի էկոլոգիան և ոչ համապատասխան մասնագիտական խնամքը բերում է նրան, որ արդեն 20-30 տարում բարդին դառնում է վտանգավոր ու «վթարային»:
Վիկտոր Մնացականյան (քաղաքային միջավայրի պլանավորող) - Ավելի շատ բարդին օգտագործվում է մայրուղիների համար, որովհետև շատ քիչ ջուր է ուզում, քիչ խնամք է պահանջում և բավականին արագ է աճում և որևէ դաշտային կամ այլ տեղեր՝ դրանք կարող են լինել ամառանոցներ, հանգստյան տներ կամ գոմեր, որտեղ ուզում ես քամիներից պաշտպանվել:
ԱԻՆ տվյալներով՝ 2017 թվականից մինչև 2022-ի մայիսի 24-ը Երևանում քամուց վնասվել է 196 ծառ:
2017-ին եղել է 46-ը, 2018-ին՝ 15-ը, 2019-ին՝ 6-ը: 2020 թվականին քամու հետևանքով 18 ծառ է տապալվել, 2021-ին՝ 98: Իսկ այս տարվա 5 ամսում վնասվել է 13 ծառ:
Թե ինչ տեսակի են դրանք եղել՝ գերատեսչությունը չի հաշվառել: Մնացականյանն ասում է՝ քաղաքի կանաչապատման հետ կապված անելիքներն առհասարակ շատ են: Լուրջ խնդիրներ կան նաև թեղիների դեպքում:
Վիկտոր Մնացականյան - Ամեն մայիսից մինչև հունիս, ամեն 2-3 անձրևից հետո դու պարտավոր ես ծառը սրսկել, բայց այդ սրսկելու համար հատուկ տեխնիկա է պետք, հատուկ գիտելիքներ են պետք, հատուկ ճշտված դեղանյութեր:
Բավարար խնամք, ըստ Մնացականյանի, տարբեր պատճառներով չի ապահովվում, ինչի հետևանքով էլ թեղիների վրա բազմանում են միջատներն ու տարածվում շրջակայքում: Նաև կանաչապատման ոլորտի մասնագետների ու բանվորական ուժի պակասն է շեշտադրում:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում բերված դիտարկումներից շատերին համաձայն են: Ասում են՝ խնդիրներն աստիճանաբար լուծվում են:
Տիգրան Հակոբյան (Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն) - Բարդիները, որ այսօր տապալվում են, շուռ են գալիս, մենք ժառանգել ենք Խորհրդային Միության ժամանակից: Այսօր մենք բարդիներ հիմնականում չենք տնկում: Օրինակ՝ Մյասնիկյանի պողոտայում ունենք 92 գույքագրած բարդի, որոնք ենթակա են հատման ինչ-ինչ պատճառներով, և մենք փոխարինելու ենք բրգաձև կաղնիներով: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Երևան քաղաքում բարդիները, էլի մի շարք ծառեր՝ թեղիները, ծերացած են և ենթակա են փոփոխության:
Կազմակերպության տնօրենն ասում է՝ այստեղ որոշումները միանձնյա չեն ընդունվում: Ստեղծվել է ՀՈԱԿ-ի և այլ կառույցների մասնագետ-գիտնականներից կազմված հանձնաժողով:
Տիգրան Հակոբյան - Մենք հրավիրել ենք, որպեսզի գիտնականների կարծիքներ լսենք և ավելի ժամանակակից մոտեցումներ ցուցաբերենք այսօրվա ծառերի նկատմամբ:
Իսկ աշխատողների կարիք ՀՈԱԿ-ն ունի, մանավանդ՝ երիտասարդ աշխատուժի:
Տիգրան Հակոբյան - Եթե նկատել եք, կանաչապատման աշխատողները հիմնականում տարեց են, և այո, այդ խնդիրն առկա է:
Աշխատավարձն էլ գրավիչ չէ երիտասարդների համար՝ պահումներից հետո ամսական վճարը 110 հազար դրամ է: Տնօրենն ասում է՝ ռեսուրսները բավարար չեն միանգամից մասշտաբային գործեր անելու համար, բայց հույս ունի՝ ժամանակի ընթացքում կունենան թե՛ տեխնիկայի և թե՛ երիտասարդ աշխատուժի համալրում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան