Հայաստանը Եվրոպայի խորհրդի ակտիվ անդամներից է. կառույցում մեր երկրի դեսպանի դիտարկումն է: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 132-րդ նստաշրջանը տեղի ունեցավ նախագահող երկրի՝ Իտալիայի Թուրին քաղաքում: Կոմիտեն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող բարձրագույն մարմինն է. նախարարների մակարդակով ամենամյա հանդիպմանը Հայաստանը ներկայացրեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Հայաստանի փորձից գիտենք, թե ինչ կարևոր դեր կարող է ունենալ Եվրոպայի խորհուրդը՝ աջակցելու երկրներին ամուր ժողովրդավարական ինստիտուտներ և համակարգեր կառուցելու գործում։ Այս տարի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձև, որում ԵԽԽՎ-ն հայտարարեց ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի առաջընթացի մասին։
ԱԿԱՆԱՏԵՍ ԵՆՔ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՍ ԱՆԿՄԱՆԸ
Հայաստանի գլխավոր դիվանագետը Թուրինում խոսեց մեր երկրի առջև ծառացած արդիական խնդիրների մասին՝ հայտարարելով, որ ականատեսն ենք անվտանգության ճարտարապետության վերահաս անկմանը: Նախարարի բնորոշմամբ՝ մոտ 2 տարի առաջ զգացվեց միջազգային կառույցներում առաջացած ճեղքը, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ուժի չկիրառման սկզբունքը, սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ: Հիմա էլ պնդում է, թե հարցը լուծվել է, և նրանք պատրաստ են խաղաղության:
Արարատ Միրզոյան - Եթե դա ճիշտ է, ինչո՞ւ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել։
Եվրոպայի խորհուրդը, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն, մշտապես հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում հարցի կարգավորմանը աջակցելու դիրքերից՝ փորձելով որոշակի դերակատարում ունենալ մարդու իրավունքների, հումանիտար խնդիրների լուծման հարցում: Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են եղել գերիների վերադարձի, Արցախի մշակութային ժառանգության պահպանության, հայատյացության խնդիրները, նաև միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ:
Արման Խաչատրյան (Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան) - ԵԽԽՎ-ն հարցի վերաբերյալ դեռ անցյալ տարի ապրիլին ունեցել է ընթացիկ քննարկում, իսկ 21-ի սեպտեմբերին ընդունվել է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներին նվիրված բանաձև:
ԵԽԽՎ հունվարյան բանաձևում կային նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող դրույթներ, որոնցով հաստատվում էր գերիների վերադարձի պահանջը, մշակութային ժառանգության պահպանության խնդիրը, աջակցություն հայտնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ խնդրի խաղաղ կարգավորմանը:
Արման Խաչատրյան - Դունյա Միյատովիչը՝ մարդու իրավունքների հանձնակատարը, հրապարակել էր հուշագիր, որտեղ այս հարցերը բարձրացվել էին, այսինքն՝ ԼՂ հակամարտության համատեքստում ԵԽ-ն և իր բոլոր մարմինները, չնայած չեն խաղում առաջնային դերակատարություն՝ ելնելով իրենց մանդատային սահմանափակումներից, բայց հնարավորինս ներգրավված են եղել և են հումանիտար խնդիրների, մարդու իրավունքների հարցերում հետևանքների վերացման գործում:
Մենք խորապես հավատացած ենք, որ ԵԽ-ն նույնպես՝ իր մանդատի շրջանակներում, պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում:
ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ԵԽ-Ն ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ ՈՒՆԻ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դեսպան Արման Խաչատրյանի գնահատմամբ՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր այդ կառույցը կարևոր դերակատարում է ունեցել նաև մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Խորհուրդն աջակցում է անդամ պետություններին՝ ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում, կիսվում է լավագույն փորձով դատաիրավական, սահմանադրական բարեփոխումներին, հակակոռուպցիոն պայքարի ոլորտներում:
Արման Խաչատրյան - Հայաստանի համար ԵԽ-ն կարևոր դեր ունի, Հայաստանի համար կարևոր է, որ Եվրոպայի խորհուրդը լինի ամուր, ռազմավարական ինքնավարություն ունեցող կառույց և շարունակի աջակցել անդամ երկրներին ժողովրդավարական զարգացումների ապահովման առումով:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի թուրինյան նիստի շրջանակում կառույցում նախագահությունը Իտալիայից փոխանցվեց Իռլանդիային, որը կառույցը կառաջնորդի մինչև նոյեմբեր:
Արման Խաչատրյան - Իռլանդիայի ԱԳ-ն ներկայացրեց երկրի առաջնայնությունները, որոնք նույնպես վերաբերում են ԵԽ հիմնական ուղղություններին, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն, կարևոր առաջնահերթություններից կցանկանայի նշել իռլանդական նախագահության, դա հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն են, որը լինելու է իռլանդական նախագահության ուշադրության կենտրոնում:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նստաշրջանը, դեսպանի խոսքով, լավ հարթակ է նաև երկկողմ շփումների համար: Հայաստանի արտգործնախարարը մոտ վեց հանդիպումներ ունեցավ տարբեր երկրների պաշտոնակիցների հետ՝ քննարկելով երկկողմ օրակարգի տարբեր հարցեր և ձեռք բերելով նաև նոր պայմանավորվածություններ: