ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակի հետ և հաղթել բացարձակ առավելությամբ: Բաչկովը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Հայաստանի հավաքականի առաջատարը երեք ռաունդում էլ շանս չի տվել մրցակցին՝ արժանանալով 5 մրցավարների ամենաբարձր միավորներին:
Մենամարտի ընթացքում Բաչկովը երեք անգամ կարողացել է նոկաուտի ենթարկել մրցակցին: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գնահատմամբ՝ Բաչկովի անցկացրած մենամարտում որոշիչ է եղել հայ բռնցքամարտիկի բարձր կարգն ու գերազանց մարզավիճակը. «Բաչկովը ցույց տվեց այն, ինչն այսօրվա համար պետք էր: Կարգն իրենն ասում է: Առաջին իսկ վայրկյաններից նա ռինգում թելադրեց իր կամքը: Մրցակիցը ոչինչ չէր կարող անել»:
Ցերեկային մրցահերթում այսօր ռինգ է դուրս եկել նաև 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և ցավալի պարտություն կրելով Խորվաթիայի ներկայացուցիչ Լյուկա Պլանտիչից՝ լքել է պայքարը:
Այսօր ավելի վաղ ռինգ են դուրս եկել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ: 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իրենց առաջին մենամարտերն են անցկացրել Եվրոպայի առաջնությունում, սակայն պարտվել են, համապատասխանաբար, վրացի և իսպանացի բռնցքամարտիկներին՝ ավարտելով ելույթները տնային ԵԱ-ում:
Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանն այսօր ևս 5 ներկայացուցիչ կունենա:
Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը և կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Ալիսաու Այուբի հետ:
Երեկոյան մրցահերթում էլ կունենանք 4 ներկայացուցիչ: 67 կգ Գուրգեն Մադոյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլիի, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Վիկտոր Շելստարետեի հետ, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի հույն բռնցքամարտիկը:
Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությանն այսօր ներկա է եղել նաև Մոնտենեգրոյի նախագահ Միլո Դուկանովիչը, որը հետևել է իր երկրի ներկայացուցչի մենամարտին:
Մայիսի 28-ը Եվրոպայի առաջնությունում ազատ օր է: Մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչ, իսկ մայիսի 30-ին՝ եզրափակիչ փուլի մենամարտերը: