Մայիսի 26-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին։ Այդ մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքի էջում:
«Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց միազգային դաշինքին աշխարհի տարբեր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված նախանձախնդրության համար։
Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմին և հետպատերազմական իրավիճակին՝ Հայոց Հայրապետը մասնավորապես իր մտահոգությունն արտահայտեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ, անհրաժեշտ նկատեց, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը միջազգային հանրության և միջազգային կառույցների կողմից արժանանա համապատասխան գնահատականի, այս ուղղությամբ ձեռնարկվեն կանխարգելիչ հրատապ միջոցներ։
Իր հերթին ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց դաշինքի առաքելության մասին՝ կարևորելով պատմական հուշարձանների, կոթողների և կրոնական սրբավայրերի պաշտպանությունը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության նպատակով Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքները»,- ասված է գրառման մեջ։