Բաղրամյան 26-ում դիմավորման հանդիսավոր արարողություն է: Պաշտոնական այցով Հայաստանում է Չեռնոգորիայի նախագահը: Միլո Ջուկանովիչին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմավորում է օրհներգի հնչյունների ներքո:
Առանձնազրույցից հետո Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություններով են հանդես գալիս, նշում՝ քննարկել են հայ-չեռնոգորիական երկկողմ փոխշահավետ հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու հեռնակարները:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Հատուկ անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Արձանագրեցինք, որ զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում առկա է համագործակցության մեծ ներուժ, և պատրաստակամություն հայտնեցինք ամեն կերպ աջակցել դրա իրացմանը: Այդ համատեքստում անդրադարձանք նաև արդյունաբերության, առողջապահության, վերականգնվող էներգիայի ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին:
ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Վահագն Խաչատուրյանը վերահաստատում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Հատուկ ընդգծում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը և այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում՝ Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Միլո Ջուկանովիչը Հայաստան կատարած այցը պատմական է համարում, նշում՝ մեր երկրների անկախության հաստատումից ի վեր սա նախագահի մակարդակով առաջին այցն է Հայաստան:
Միլո Ջուկանովիչ (Չեռնոգորիայի նախագահ) - Չնայած մեր հարուստ և երկարատև միջպետական հարաբերություններին՝ սա առաջին այցն է: Այսպիսի այցերը շատ կարևոր են, որպեսզի շարունակենք բարեկամության կառուցումը, մի քայլ առաջ տանենք, բարելավենք միջպետական հարաբերությունները: Հուսով եմ՝ մոտ ապագայում մենք հնարավորություն կունենանք երկու երկրի միջև տեսնել ավելի համապարփակ համագործակցություն:
Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանն ընդունում է նաև Ազգային ժողովի նախագահը: Կողմերը քննարկում են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով միջխորհրդարանական կապերին: Օրենսդիր մարմինների միջև արդյունավետ և շարունակական երկխոսությունն առաջնահերթություն է դիտարկվել, ինչին մեծապես նպաստելու են խորհրդարանական բարեկամական խմբերը:
Ջուկանովիչի ու Սիմոնյանի ուշադրության կենտրոնում են նաև ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը, տարածաշրջանի անվտանգությունն ու երկարատև խաղաղություն հաստատելու հարցերը: Խոսելով հետպատերազմյան իրավիճակից՝ Ալեն Սիմոնյանը կարևորում է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում: Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկեն ոչ միայն Չեռնոգորիայի, այլև միջազգային գործընկերների շրջանակում,- հանդիպման ավարտին վստահեցնում է Ջուկանովիչը: