ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հնարավոր է, դեռ երկար ժամանակ աջակցություն տրամադրեն Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն պետք է կանխի լարվածության սրացումը։ Եթե ստեղծված իրավիճակը վերաճի Դաշինքի և Ռուսաստանի միջև պատերազմի, ավելի մեծ ավերածությունների ականատես կդառնանք, կտուժի ողջ Եվրոպան։ Հստակ ասում ենք՝ օգնում ենք Կիևին, բայց չենք մասնակցում պատերազմին»,- վստահեցրել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր արևելյան թևում ՆԱՏՕ-ի զորքերի թիվն ավելացել է՝ հասնելով 40 հազարի։
Գլխավոր քարտուղարը նաև պնդել է, որ Չինաստանը փորձում է վերահսկել Արևմուտքի կարևորագույն ենթակառուցվածքը, օրինակ՝ 5G ցանցերը, որոնք մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի անվտանգության համար։ Ստոլտենբերգը հորդորել է դասեր քաղել Ռուսաստանի հետ հարաբերություններից։
«Ակնհայտ է՝ չի կարելի կախման մեջ լինել ռուսական գազից։ Կարծում եմ՝ եվրոպացի դաշնակիցներն այժմ հասկանում են, որ դա նրանց խոցելի է դարձնում»,- ընդգծել է պաշտոնյան: