Պետական պաշտոնյան ինչ նվեր է ստացել, ում կողմից. հանրային ծառայողների ստացած նվերների նկատմամբ վերահսկողության, թափանցիկության բարձրացման նպատակով մեր երկրում կներդրվի նվերների կենտրոնացված էլեկտրոնային ռեեստր: Պաշտոն զբաղեցնող անձանց նվերները կհաշվառվեն: Վերահսկող մարմինը լինելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Մշակվել է հայեցակարգը, օրենսդրական փոփոխությունների նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել:
Նարինե Ավետիսյան (ՀՀ ԿԿՀ մեթոդական աջակցության վարչության գլխավոր մեթոդաբան) - Ինչպես մնացած հայտարարագրման համակարգի դեպքում, նվերների ռեեստրի դեպքում նույնպես լինելու է բաց հանրության համար էլեկտրոնային տարածք, որտեղ մարդիկ կմտնեն-կտեսնեն և, ինչու չէ, նաև ազդարարման հիման վրա մենք կիմանանք, որ հանրային ծառայողը ստացել է նվեր, չի հայտարարագրել:
«Նվեր», «հյուրասիրություն» եզրույթները հստակ ամրագրվել են: Թույլատրելի նվերներ են համարվում, օրինակ, պաշտոնական այցելությունների, միջազգային կոնֆերանսների ժամանակ ստացած նվերները: Պաշտոնեական լիազորությունների շրջանակում ստացած 60 հազար և ավելի բարձր արժեք ունեցող նվերները հայտարարագրումից բացի պետք է փոխանցվեն պետությանը:
Նարինե Ավետիսյան - Կան նվերներ, որոնք արգելված են լինելու: Դրանք դրամական արտահայտության նվերներն են, ընդհուպ՝ չեկեր, մուրհակներ, արժետոմսեր, որևէ խաղային կամ ինչ-որ տոմսեր, որոնք ինչ-որ արժեք են ներկայացնելու: Նաև քննարկվում է կրիպտոարժույթների հետ կապված այդ խիստ արգելքը, որոնք բացարձակ արգելք են լինելու:
Կառուցակարգերի հստակեցումը ոչ միայն ներքին պահանջ է, այլև բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի՝ ԳՐԵԿՈ-ի որոշ զեկույցներում ևս նշվում է օրենսդրական կարգավորման, իրավական հետևանքների՝ պատասխանատվության միջոցների սահմանման անհրաժեշտությունը:
Հասմիկ Տիգրանյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն մոնիտորինգի բաժնի պետ) - Ներպետական մակարդակում խնդիրներից խոսելիս հարկ է նշել, որ նվերների սահմանման հետ կապված որոշակի շտկման անհրաժեշտություն կա, որովհետև ներառված չեն այն բոլոր գույքային իրավունքները կամ գույքային իրավունքների փոխանցումը, որոնք իրականում հանդիսանում են նվեր, ու որոնք կարող են առաջացնել շահերի բախման իրավիճակներ:
Նարինե Ավետիսյան - Նախկինում եթե ոլորտային օրենքներում դուք տեսնեք, օրինակ, դատախազությունում, քաղծառայության օրենքում, ՍԴ օրենքում կտեսնեք, որ ամեն մարմին ինքն է վերահսկողություն իրականացնում և էստեղ միասնականության և միասնական մոտեցման կառուցակարգերը խախտվում էին: Հիմա հիմնական մոտեցումը տարվում է նրան, որ միասնական քաղաքականություն իրականացվի այս ոլորտի նկատմամբ:
Նվերների սահմանափակումներին առնչվող կարգավորումները կմիավորվեն մեկ իրավական ակտում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում: Նվերը թաքցնելու դեպքում եթե նախկինում նախատեսվում էր կարգապահական տույժ, նոր կարգավորումով՝ վարչական տուգանք: Սահմանվելու են նաև ներքին խորհրդատվության մեխանիզմներ:
Հասմիկ Տիգրանյան - Եթե պաշտանատար անձը, հանրային ծառայողը ստանա նվեր և չկողմնորոշվի՝ արդյոք այդ նվերը թույլատրելի՞ է, թե՞ ոչ, եթե թույլատրելի է, ենթակա՞ է հաշվառման, թե՞ ոչ, այդ հարցի առնչությամբ բարեվարքության կազմակերպչին և այլ լիազոր մարմիններին, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն ունի դիմելու ներքին խորհրդատվական եզրակացության ստացման նպատակով:
Ոլորտի պատասխանատուները վստահ են՝ ռեեստրի ներդրումը կնպաստի ոչ միայն հաշվետվողականության, այլև՝ էլեկտրոնային ժողովրդավարության առումով հանրային վերահսկողության բարձրացմանը: