Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին. նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 5 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան համայնքային փնջերում:
«2016 թվականին, երբ սկսվեց համայնքների խոշորացման գործընթացը, մինչ այսօր Հայաստանի 908 բնակավայր է միավորվել, խոշորացվել 72 համայնքների մեջ: Մենք հիմա ունենք 72 խոշորացված համայնք և 7 համայնք, որոնք խոշորացված չեն: Դրանք Երևանը և Գյումրին են և ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին բնակավայրեր»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Հաջորդ փուլում մենք Կառավարության կողմից իրականացվող տարածքային քաղաքականության մոդելը պետք է փոխենք, անդրադառնանաք մարզպետարանների և մարզերի կառուցվածքին, որն ունի արդյունավետության և քաղաքական կարևոր բաղադրիչ, բայց այս փուլում դեռ համայնքների հարցով ենք որոշում կայացնում և անհետաձգելի ենք համարում,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Գնել Սանոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նշել էր, որ 2011 թ. սկսված համայնքների խոշորացման գործընթացը 2016-2017 թթ. երկու փուլով իրականացվել է, հաջորդ փուլն իրականացվել է նախորդ տարի՝ 36 համայնքի մեջ միավորելով 441 բնակավայր: