Կառավարությունը հաստատեց Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ բնակչության շրջանում արդեն կիրառվում է ծրագիրը որպես ռենովացիոն ծրագիր: «Որոշման երկրորդ կետով հանձնարարվել է Քաղաքաշինության կոմիտեին՝ ԿԲ-ի հետ համատեղ մշակել ծրագրի իրականացման կարգը: Կարգի մշակման նպատակով կոմիտեի կողմից ԿԲ աջակցությամբ կազմակերպվել են քննարկումներ, որին մասնակցել են մեր գործընկեր նախարարությունները, ՀԿ-ները, միջազգային կառույցներ և ԿԲ-ի աջակցությամբ նաև 3 տասնյակից ավելի առևտրային բանկեր, վարկային կազմակերպությունների ներկայացուցյիչներ»,- ասաց Արմեն Ղուլարյանը:
«Որոշումներ կայացնելիս պետք է փորձենք մի քանի կամ մի քանի խումբ խնդիրներ լուծել, և այս ծրագիրը, որը մենք պայմանականորեն անվանում ենք ռենովացիայի ծրագիր, շատ կարևոր օրինակ է»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ դրանով փորձում են քաղաքացիներին աջակցել, որ բնակարանային ֆոնդի ընթացիկ վիճակը, որակը բարձրացվի, այսինքն՝ քաղաքացիներին առաջարկվում է սուբսիդավորվող վարկեր բնակարանների նորացման համար:
«Հատկապես գյուղական վայրերում բնակֆոնդի մաշվածության լուրջ խնդիր ունենք. հատկապես գյուղական վայրերում առանձնատները ոչ ռացիոնալ չափերի են: Մենք հիմա ուզում ենք քաջալերել և հույս ունենք, որ բանկային համակարգը մեզ կօգնի, որպեսզի առանձնատները վերակազմակերպվեն: Մանավանդ հիմա տուրիզմի ոլորտում ծրագրեր կան, որոշակի ակտիվացում կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պարտադիր պայման է դրվում, որ վարկի առնվազն 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար:
Վարչապետը նաև նշեց, որ ծրագրի իրականացման ընթացքում մասնավոր հատվածում կստեղծվեն աշխատատեղեր, և արտագնա աշխատանքի սովորաբար մեկնող մեր հայրենակիցները, որոնք չեն կարողանա արտագնա աշխատանքի մեկնել, Հայաստանում կկարողանան սեզոնային աշխատանք կատարել և իրենց եկամուտներն ապահովել:
«Հաջորդ խնդիրը, որը մենք լուծում ենք, փորձում ենք տարածքի համաչափ զարգացման տրամաբանության մեջ էլ ինչ-որ բան անել և վարկերը սուբսիդավորել հետևյալ տրամաբությամբ. բանկը վարկը կտա 14 տոկոսով առավելագույնը, Կառավարությունը կսուբսիդավորի հետևյալ կերպ. սահմանամերձ բնակավայրերի համար վարկի տոկոսը կլինի զրո, գյուղական համայնքներում՝ 2 տոկոս, քաղաքային համայնքներում՝ Երևանից դուրս՝ 3 տոկոս, և Երևանում կլինի 5 տոկոս: Մենք նաև պայման ենք դնելու, որ ծրագրով ստացած միջոցների առնվազն 70 տոկոսը պետք է ծախսվի անկանխիկ. գնումնեը պետք է իրականացվեն անկանխիկ, որը կբերի առևտրաշրջանառության մեջ ստվերի կրճատման: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով և մոնիթորինգ է իրականցվելու՝ ստուգելու համար, թե արդյոք դա նպատակայի՞ն է օգտագործվում: Եթե տեսնենք, որ նպատակային չէ, կդադարեցնենք սուբսիդավորումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ավելացրեց, որ սուբսիդավորման չափը հաշվարկային տրամաբանություն ունի, որ, ըստ էության, տոկոսի չափը, որը վարկառուն իր գրպանից պետք է վճարի, հավասար է այն խնայողությանը, որը նա կունենա կոմունալ ծախսերով, եթե նորոգման մանդատն ու նպատակը պահպանվի:
«Ըստ էության այս վարկն իր էությամբ անտոկոս է»,- ասաց փոխվարչապետը: