Նախատեսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեն ավելացնել 200 միլիոն դրամով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
Նախագծի ընդունմամբ Հայաստանի մարզական ֆեդերացիաներին կհատկացվի լրացուցիչ ֆինանսավորում 2022 թվականի Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցելու և մարզիկների լավագույն մարզավիճակն ապահովելու նպատակով:
«Լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, ուսումնամարզական հավաքներ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Փոխնախարարը նշեց, որ որոշման նախագիծը բխում է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականներից: Խզմալյանը թվարկեց այն ոլորտները, որոնց ուղղվելու են լրացուցիչ գումարները՝ բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, լող, ծանրամարտ, հրաձգություն, ձյուդո, մարմնամարզություն, սուսերամարտ, վոլեյբոլ, թենիս:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ բարձրացրեց ծախսերի արդյունավետության հարցը:
«Պետք է փորձենք դուրս գալ այն ցիկլից, երբ մենք երեքուկես տարի սպասում ենք, մեկ էլ Օլիմպիական խաղերից վեց ամիս առաջ իմանում ենք, որ, օրինակ՝ մեր ծանրամարտի հավաքականը միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձող չունի: Մեր հավաքականն այստեղ պարապում է ուրիշ ծանրաձողերով, հետո գնում է, մրցում ուրիշ ծանրաձողերով: Հետո վեց ամիս առաջ ինձ հետ հանդիպման ժամանակ ես պատահական իմանում եմ, հարցը բարձրացնում են, վերջին պահին որոշում ենք կայացնում, մինչև ծանրաձողերը գալիս են, Օլիմպիադիային մնում է 16 ժամ: Ի վերջո, պետությունը ծախսեց այդ գումարը, բայց չունեցանք այն արդյունքը այն ժամկետում, որն ակնկալում էինք»,- ասաց նա: