Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի պահանջները և կգիտակցի՝ ինչ է կատարվում իրականում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հավելել է, որ խոսքը տարածքային զիջումների մասին չէ։
Կրեմլի խոսնակը նշել է նաև, որ Մոսկվան չի ընդունում Ուկրաինայից Աֆրիկա և այլ երկրներ հացահատիկի արտահանումը խոչընդոտելու համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքները։
«Հենց Արևմուտքի անօրինական գործողություններն են հանգեցրել նման շրջափակման։ Նրանք պետք է չեղյալ համարեն այն պատժամիջոցները, որոնք խանգարում են նավերով փոխադրումների իրականացմանը, հացահատիկի արտահանմանը»,- մանրամասնել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակման մեղավորը Կիևն է, ուկրաինական զորքերը ականապատել են երկրի նավահանգիստները։