Կառավարության գործողություններն ու ծրագրերը ուղղված են նրան, որ անգամ գնաճի պայմաններում, ֆինանսական միջոցների վերաբաշխմամբ, առավել խոցելի խավը ևս կարողանա զգալ տնտեսական աճի արդյունքը: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ 2023-ի բյուջեում այդ անելիքները նախանշվել են:
Վահան Քերոբյան (ՀՀ Էկոնոմիկայի նախարար) - Կառավարությունը նաև գերակատարում է պետական եկամուտների հավաքման իր պլանը և ավելացված միջոցներն անմիջապես ուղղվում են կարիքների բավարարմանը: Մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, որի ուղղությամբ ամենօրյա աշխատանք ենք տանում:
Նախարարի խոսքով՝ դրական են դիտարկում Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետամոսերի զգալի մասի ձեռքբերումը՝ հաշվի առնելով, որ Վարշավայի ֆոնդային բորսան Արևելյան Եվրոպայի ամենակայացած և ամենաակտիվներից մեկն է, և այդ փորձի ներդրումը հայկական կապիտալի շուկայում կարևոր է:
Վահան Քերոբյան - Էս տարի մենք տեսնում ենք զգալի հետաքրքրություն մասնավոր ընկերությունների կողմից կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ: Էն ընկերությունների քանակը, որ պատշաճ աուդիտ են անցնում, էապես մեծանում է, և հենց այն ընկերությունների բազան է, որ պետք լինեն կապիտալի շուկայի առաջին մասնակիցները, հարյուրավոր ընկերություններ կան:
Քերոբյանը նշեց, լայն է սփյուռքահայ ներդրողների հետաքրքրությունը: Անցկացվել է սփյուռքի պարտատոմսերի հնարավոր թողարկման վերաբերյալ հարցում. մոտ 2000 մասնակցից 74 տոկոսը հայտնել է, որ հետաքրքրված է այդ ոլորտում ներդրումներով: Հարցման արդյունքը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ:
Վահան Քերոբյան - Արդեն սփյուռքի կողմից տեսնում ենք զգալի ներդրումներ, հիմնականում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրոպայից, նաև Մերձավոր Արևելքից: Նաև Եվրոպական երկրներից, Ռուսաստանից ոչ սփյուռքահայերը, այլազգիները: Ներդրումային միջավայրը խոստումնալից է: Անցած տարի ունեցել ենք ներդրումային ռեկորդային ցուցանիշ՝ մեկ տրիլիոն 430 մլրդ դրամ, դա այն թիվն է, որ երբևէ չի եղել:
Ինչ վերաբերում է ոռոգման սեզոնի հնարավոր խնդիրներին՝ Քերոբյանը հիշեցրեց ջրամբարների կառուցման ծրագրերը, ընդգծեց նաև՝ ջրամբարների լցվածության այս տարվա տվյալներն առավել հուսադրող են նախորդ տարվա համեմատ, և ակնկալվում է՝ գյուղացին ջրի հետ կապված ավելի քիչ խնդիր կունենա: