Այս տարի լրացավ հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անկախացումից ի վեր հայ-բուլղարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 26-ին, որին մասնակցել է նաև մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովը:
Իրենա Դիմիտրովան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ տպավորված է գեղեցիկ Երևանով. սա իր առաջին այցն է Հայաստան:
Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է, որ Բուլղարիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք հիմնված են բուլղար և հայ ժողովուրդների պատմական և մշակութային բազմամյա կապերի վրա:
Անդրադառնալով հայ-բուլղարական բարեկամական հարաբերություններին՝ Իրենա Դիմիտրովան կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը, որը, ըստ նրա, կապող օղակ ու բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև: Նրա խոսքով՝ հայկական համայնքի ներկայացուցիչները Բուլղարիայում առանցքային նշանակություն ունեն իրենց մշակույթով եւ ինքնությամբ:
Երկուստեք կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Արժևորվել է տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի, Արցախի պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պահպանման հարցերին:
Իրենա Դիմիտրովան նշել է, որ Բուլղարիան էլ պատմության ընթացքում ունեցել է ցավալի էջեր, երբ իր մշակութային արժեքները ոչնչացվել են այլ երկրներում: Նա հավելել է, որ իրենք անպայման ուշադրություն կդարձնեն այդ հարցին:
Կողմերը քննարկել են նաև տնտեսական եւ, մասնավորապես, ՏՏ ոլորտում համագործակցության մի շարք հարցեր: