ԱԺ ճեպազրույցների ընթացքում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին, թե ինչ տեսակետ ունեն նրանք արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության մասին:
«Ընդդիմությունը երկար ժամանակ է՝ հրապարակներում բարձր գոռում է, որ՝ վերջ, իշխանություն այլևս չկա, հետո արտահերթ նիստեր են ուզում հրավիրել, ելքի սցենարներ են փորձում մտածել: Եթե ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրում, դրանով արձանագրում է, թե ով է երկրում իշխանություն: Ընդդիմությունը ևս օրենսդիր իշխանության մի մաս է, նրանց ասածների և իրականության մեջ խզում եմ տեսնում:
Թող լինի արտահերթ նիստ հրավիրելու նախագիծը, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Պատգամավորը շեշտեց, որ անընդունելի է համարում ընդդիմության հռետորաբանությունն ու բառամթերքը:
Վլադիմիր Վարդանյանն էլ կարծիք հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությանն անհրաժեշտ է վերադառնալ Ազգային ժողով, քանի որ ՀՀ քաղաքացիներն են լիազորել պատգամավորներին իրականացնելու իրենց գործունեությունը:
«Կվերադառնան` շատ լավ, չեն վերադառնա, թող ընտրողն իմանա, թե ում հետ գործ ունի»,- ասաց նա և հիշեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունը ներկայացնող ԱԺ փոխնախագահը, ով ի պաշտոնե կոչված է ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, չի կատարում իր պարտականությունները: