ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԲԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Բրյուսելում եռակողմ հանդիպմանը լուրջ քննարկում է տեղի ունեցել Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, արդյունքում արձանագրվել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները: Պաշտոնական Երևանը գտնում է՝ հիմնախնդիրը լուծված չէ, Ադրբեջանը՝ պնդում հակառակը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով ՔՊ-ից Արման Եղոյանի հարցին:
Պատգամավորը մեջբերել էր հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավարի հայտարարության այն տողը, որում Միշելը կողմերի համար ընդգծել էր՝ իր համոզմամբ` անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք էլ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգն այդ կապակցությամբ և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներով արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Եվ քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈՓՈԽՎԵԼ. ՎԱՐՉԱՊԵՏ
Հայկական կողմի դիրքորոշումը չի փոփոխվել, հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով՝ վստահեցրեց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել, աջակցել են այդ բանակցություններին: ՌԴ-ի նախագահի հետ երկկողմ հայտարարության մեջ էլ արձանագրվել է հակամարտության կարգավորման կարևորությունն ու համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով:
«Իսկ ինչն է դրվելու խաղաղության պայմանագրի բանակցությունների հիմքում. հանդիպումից հետո Ալիևը հայտարարել էր, թե դրանք իրենց առաջարկած հինգ կետերն են». հարցադրումը վարչապետին արեց Սարգիս Խանդանյանը: Փաշինյանը նշեց՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները; Մարտավարական ճիշտ որոշում ընդունելու համար այժմ քննարկվում է նաև, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը պետք է լուծի նաև ԼՂ հիմնախնդիրը, թե՞ այդ հարցը պետք է տարանջատվի:
Նիկոլ Փաշինյան - Ես իմ դիրքորոշումը այս կապակցությամբ ունեմ, իհարկե, բայց ես կարծում եմ` այդ դիրքորոշման հարցում մենք կկոնկրետանանք ավելի լայն, մեծ շրջանակների հետ քննարկումներ ունենալուց հետո, և այստեղ, իհարկե, Արցախի դիրքորոշումը շատ կարևոր կլինի:
Ինչ վերաբերում է անկլավների թեմայի մասին շահարկումներին` վարչապետը հստակեցրեց՝ Բրյուսելում նման հարց չի քննարկվել, թեև տարբեր ձևաչափերում Ադրբեջանն ակնարկով կամ ուղիղ խոսում է այս մասին:
Նիկոլ Փաշինյան - Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ: Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի տարածք է: Որևէ մեկը չի պատրաստվում ժողովրդի թիկունքում ինչ-որ բան անել, Արցախի ժողովրդի թիկունքում՝ առավել ևս: Եթե կունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով: Առանց այն էլ դրամատիկ վիճակը մի քանի անգամ դրամատիզացնել քաղաքական նպատակներով՝ լավ պրակտիկա չէ:
ԳԵՐԵՎԱՐՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՕՐ ԱՌԱՋ ՎԵՐԱԴԱՐՁՎԵՆ
Բրյուսելյան հանդիպման օրակարգում էր նաև հայ գերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի խնդիրը:
«Այս հարցը, սակայն, Ադրբեջանն անընդհատ փորձում է կապել լրացուցիչ պայմանների հետ»,- ասաց վարչապետն ու շեշտեց՝ դա ընդունելի չէ Հայաստանի համար:
Նրա խոսքով՝ մեր, նաև ԵՄ ու միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը հստակ է՝ գերեվարվածներն օր առաջ պետք է վերադառնան հայրենիք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:
Նիկոլ Փաշինյան - Ցավոք սրտի, մենք մինչև այս պահը հաստատված 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո: Եվ մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք: Ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որ մեր քաղաքացիները օր առաջ վերադառնան հայրենիք:
Վարչապետը նկատեց՝ շատ են հնչում տեսակետներ, որ գերիների վերադարձի հարցը պետք է նախապայման դարձնել քաղաքական պրոցեսներում: Սակայն, ըստ նրա, հումանիտար հարցերը պետք է չփոխկապակցվեն քաղաքական հարցերին, քանի որ դրանց նշանակությունն ու կշիռը կնվազի:
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԿԱ
Դեռևս չլուծված այս հարցերի կողքին, սակայն, կան ուղղություններ, որտեղ որոշակի առաջընթաց գրանցվել է. սա էլ ասաց արտգործնախարարը` հիշեցնելով, որ երեկ առաջին անգամ հանդիպել են սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովները գլխավորող փոխվարչապետները: Պատկերացումների որոշակի համընկնում կա նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերում:
Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով աշխատանքները, բանակցությունները շարունակելու կոնսենսուս չկա առաջին հերթին Ադրբեջանի կողմից, սակայն համանախագահության ֆորմատի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են: Այս մասին հայտարարեց արտգործնախարարը` պատասխանելով Վահագն Ալեքսանյանի հարցին:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է, ԱՅԼ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆ
Ի տարբերություն նախորդ հարցուպատասխանի` այս մեկին ընդդիմությունը չէր եկել: ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանի հարցին ի պատասխան, անդրադառնալով իր հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսած պատգամավորների գործողություններին, Փաշինյանն այն համեմատեց քաղաքում խցանման հետ, ասաց՝ իրավիճակն այլևս քաղաքական չէ, լոգիստիկ է; Ըստ նրա ՝ ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել քաղաքական տարբեր միջոցներով հանրությանը ներգրավել, ձևակերպել կոնկրետ պահանջ, բայց դա տեղի չի ունեցել:
Նիկոլ Փաշինյան - Այլևս քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է՝ թերևս վրեժ լուծելով նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար, և թերևս վրեժ լուծելով այդ պրոցեսներին չմիանալու համար, բայց նաև կարծում եմ, որ մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ: Եթե հիշում եք` այդ ուժը նախընտրական շրջանում կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը «մինչև քոք մաշեցնելու է». հիմա տեսնում եք, որ, չկարողանալով դա իրականացնել, հիմա այդ ուժն ինքն իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը, և, կարծում եմ, որ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն»»:
ԽԱՅՏԱՌԱԿ ՇՈՈՒ ԷՐ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Փողոցում պայքարող ընդդիմությունը երեկ նաև ԱԳՆ շենքի դիմաց էր անհնազանդության ակցիա կազմակերպել: Նրանք փակել էին նախարարության մուտքը` փորձելով աշխատակիցներին թույլ չտալ մուտք գործել ներս։ «Խայտառակ շոու». այսպես բնութագրեց Միրզոյանն ընդդիմադիրների գործողությունները` ի պատասխան Լիլիթ Ստեփանյանի հարցի: Նրա խոսքով՝ անվայելուչ պահվածք են դրսևորել նաև այն պատգամավորները, որոնք հանդիպել են փոխարտգործնախարարի հետ:
Արտգործնախարարությունում աշխատանքը շարունակվում է, գործադրվում են բոլոր ջանքերը, որ առկա խնդիրներում հասնենք հնարավոր լավ լուծումներին՝ նաև միջազգային հարթակներում, եզրափակեց Միրզոյանը: