ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին լրագրողները հարց ուղղեցին «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումների նախագծի վերաբերյալ:
Արթուր Հովհաննիսյանն օրենքի համահեղինակն է:
«Այս օրենքը կապ չունի էթիկայի հետ: Մենք խոսում ենք պետական մարմիններում աշխատանքային գոտու կանոնների մասին, որոնք էթիկայի կանոններ չեն, որոնք ամրագրված են հավատարմագրման կարգի մեջ, որոնց ծանոթանում են լրագրողներն ու լրատվամիջոցները հավատարմագրվելիս, այսինքն՝ այստեղ որևէ հայեցողության մասին խոսք լինել չի կարող, կանխատեսելի է լրագրողների համար իրենց աշխատանքը պետական մարմիններում, նրանք գիտեն՝ որոնք են աշխատանքային կանոնների խախտումները, և ես բացառում եմ որևէ դեպք, որը կարող է ենթադրել, որ ինչ-որ հայեցողությամբ կամ սուր հարցի հիմքով որևէ լրագրողի հավատարմագրումը դադարեցվի»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նաև հիշեցրեց, թե ինչ մեխանիզմով է աշխատելու օրենքը:
Խախտումն արձանագրելուց հետո պետական մարմինը նախազգուշացնում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությանը՝ մեկ տարվա մեջ կրկին խախտում թույլ տալու դեպքում միևնույն լրագրողի հավատարմագրումը դադարեցվում է պետական մարմնի կողմից նրան փոխարինելու հնարավորությամբ: