ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՍԱՏ Է. ԶԵԼԵՆՍԿԻ
Դավոսում ուկրաինական նախաճաշի ժամանակ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանից պաշտպանվելու համար Արևմուտքի ցուցաբերած աջակցությունը կիսատ է: Վոլոդիմիր Զելենսկին Կիևին ավելի շատ աջակցելու կոչ է արել և հիշեցրել ՆԱՏՕ-ին անդամակցելու կարևորության մասին: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին աջակցության համար, սակայն շեշտել, որ իր երկիրը գտնվում է եվրոպական մայրցամաքում, ուստի Կիևին անհրաժեշտ է միասնական Եվրոպայի աջակցությունը:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ՝ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԱՌԻԹ
ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Ուկրաինայից հացահատիկով բեռնված նավերին ուղեկցող կոալիցիայի ստեղծումը։ Արևմտյան կոալիցիայի ստեղծումը, որը կզբաղվի Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման հարցով, լրջորեն կսրի իրավիճակը սևծովյան տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ խոստացել էր, որ Ռուսաստանը չի միջամտի Լեհաստանով ուկրաինական հացահատիկի արտահանմանը։ Վարշավան կոչ է արել Եվրամիությանն աջակցել Կիևին՝ մատակարարումների հարցում։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը պաշտպանել է գաղափարը, սակայն, ըստ բրիտանական հրապարակումների, նման միջոցառումների իրականացումը պահանջում է նաև ԱՄՆ-ի աջակցությունը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առաջացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ պարենային ճգնաժամը։
ՄԱՐԻՈՒՊՈԼԻ ՆԱՎԱՀԱՆԳՍՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ականազերծումից հետո Մարիուպոլի նավահանգստի աշխատանքի վերսկսման մասին: ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին ասել է, որ Մարիուպոլի նավահանգիստն ամբողջությամբ մաքրվել է ականներից և սկսել է աշխատել բնականոն ռեժիմով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սևծովյան նավատորմի սակրավորները հետազոտել են 134 կառույց։ Նրանք հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 12 հազար պայթուցիկ առարկա և զենք։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱԽ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐՎԻ
Թուրքիայի անվտանգության խորհուրդը վաղը գումարելու է այս տարվա 2-րդ նիստը։ Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների համատեքստում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, ինչպես նաև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը և Թուրքիայի միջնորդական ջանքերը: Անվտանգության նիստի օրակարգում ընդգրկված մեկ այլ կարևոր հարց է լինելու «Հունաստանի՝ զինմանն ուղղված գործողություններն» ու Էգեյան ծովում, Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումները։
ԵՄ-ԻՆ ՄԻԱՆԱԼԸ ՎՐԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Այն, ինչը Վրաստանին ավելի է մոտեցնում Եվրամիությանը ու կառույցի անդամակցությանը, ընդունելի է մեզ համար, հայտարարել է Վրաստանի վարչապետը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ: Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով` Վրաստանն այլընտրանք չունի, իսկ ԵՄ-ին միանալը վրաց ժողովրդի ընտրությունն է:
«Մենք կանենք առավելագույնը Եվրամիության լիիրավ անդամակցության համար»,- հայտարարել է Ղարիբաշվիլին, նաև ընդգծել, որ պետք է գործել հնարավորինս արագ, որովհետև հենց դա է ժամանակի պահնաջը:
«Այն, ինչ եղավ Ուկրաինայում, մարտահրավեր չէ միայն Ուկրաինայի անվտանգությանը, դա մարտահրավեր է ամբողջ եվրոպական անվտանգության ճարտարապետության համար»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: