Խորհրդարանական ընդդիմության կողմից հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնության ճակատագիրը դեռևս անհայտ է: Արտահերթ նիստի համար անհրաժեշտ են իշխանության ձայները՝ քվորում ապահովելու համար, իսկ քաղաքական մեծամասնությունը նիստին մասնակցելու կամ չմասնակցելու որոշում դեռևս չունի:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Երբ ԱԺ մուտք կարվի նախագիծ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, այդ ժամանակ ՔՊ-ն դիրքորոշումը կհայտնի:
Վլադիմիր Վարդանյանն էլ ընդդիմության այս մտադրությունը խորհրդարան վերադառնալու նախաձեռնություն դիտարկեց:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Նիստը պետք է ունենա օրակարգ, դրան պետք է նախորդի հայտարարության նախագիծ, նախագիծը պետք է սահմանված կարգով դրվի շրջանառության մեջ, և ընդդիմադիրները մասնակցեն հանձնաժողովների նիստերին:
Ընդդիմության հետ երկխոսություն իշխանության օրակարգում չկա: Արթուր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ երկխոսություն կլինի, երբ ընդդիմությունն իրականություն վերադառնա:
Արթուր Հովհաննիսյան - Ընդդիմությունն արդեն երկար ժամանակ է՝ հրապարակներում բարձր գոռում է՝ վերջ, իշխանությունն այլևս չկա, հետո արտահերթ նիստ են ուզում հրավիրել, ելքի սցենարներ են իրենք իրենց համար փորձում մտածել: Ընդդիմությունը, եթե արտահերթ նիստ է հրավիրում որպես ընդդիմություն, ըստ էության, դրանով արձանագրում է, թե ով է երկրում իշխանություն: Ես նրանց ասածների ու իրականության մեջ խզում եմ տեսնում:
Վլադիմիր Վարդանյանն էլ նկատեց՝ խորհրդարանը հասարակության մեջ բախումը քաղաքակիրթ բանավեճի վերածելու հարթակ է, ինչի համար մանդատ է ստացել նաև ընդդիմությունը, բայց այս պարագայում օրակարգ չկա, որի շուրջ կարելի է երկխոսել: Ըստ նրա՝ Արցախի դրոշն իր սենյակում է, իսկ դրա մեջ նա մեծ հերոսություն չի տեսնում:
Վլադիմիր Վարդանյան - Ամեն անգամ, երբ դուք գոռում եք Հայաստանն առանց այսինչ էթնիկ խմբի ներկայացուցչի, դա մեր համար անհանդուրժելի է և այլն, և այլն, Ադրբեջանի ներկայացուցիչները ՄԱԿ-ի միջազգային դատարանում նոր, արհեստածին ինչ-որ փաստաթուղթ են դնում իրենց հայցի մեջ։ Սրանով վնասելով թե՛ մեր հայցի ճակատագիրը հետագայում, թե՛ հնարավոր առավել բարենպաստությունները կարգավիճակային հարցերում։
Խորհդարանականներն անդրադարձան նաև Հայաստան-Ադրբեջան սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովին: Վարդանյանի խոսքով՝ գործընթացն առնվազն ակտերի մակարդակով սկսվել է:
Վլադիմիր Վարդանյան - Կան ձեռք բերված որոշակի պայմանավորվածություններ, կարծես թե շատ-շատ-շատ չափավոր լավատեսություն կարելի է տեսնել այս գործընթացում, որ մեր հարևան երկրի ներկայացուցիչները հակված են այս գործընթացը չձախողելու և գործընթացը սահմանված ընթացակարգով և ձեռք բերված պայմանավորվածություններով առաջ տանելու:
Հանձնաժողովի աշխատանքի մանրամասները կհստակեցվեն, երբ երկկողմ հանձնաժողովը սկսի իր բուն աշխատանքը՝ նշեց Վարդանյանը՝ հիշեցնելով, որ երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը բավականին երկարատև և տեխնիկապես բարդ գործընթաց է:
Հեղինակ՝ Անի Օհանյան