Ապրիլը նոր ռեկորդ սահմանեց երկրում գրանցված և վճարվող աշխատատեղերի առումով. խոսքը 664 հազար 736 աշխատատեղի մասին է՝ Կառավարության նիստին հայտարարեց վարչապետը՝ ամփոփելով վիճակագրության կոմիտեի՝ օրերս հրապարակած տվյալները: Ըստ Փաշինյանի՝ 2021-ի ապրիլի համեմատ այս թիվն ավելի է 28 հազարով, իսկ 2018-ի համեմատ՝ 123 հազար 310-ով: Տնտեսական ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, վարչապետին գոհացնում են: Նա լավատեսական է գնահատում առաջին եռամսյակի արձանագրված 8,6 տոկոս տնտեսական աճը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ ունենք տնտեսական ակտիվության 8,8 տոկոս աճ, իսկ չորս ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 9,4 տոկոս է: Հիշեցնեմ, որ խնդիր ենք դրել 7 տոկոս տնտեսական աճ գրանցել տարվա համար:
Վարչապետը մի քանի ոլորտ առանձնացրեց. շինարարության ծավալներն այս տարվա ապրիլին նախորդի համեմատ աճել են 15,6 տոկոսով, ծառայությունները՝ 27,1-ով, էլեկտրաէներգիայի արտադրության աճ էլ ունենք, 2021-ի ապրիլի համեմատ՝ 5,8 տոկոս, արտահանման ծավալներն էլ են ավելացել՝ 19,8 տոկոսով: Առևտրաշրջանառության աճ էլ է գրանցվել՝ 8,6 տոկոս՝ 2022-ը 2021-ի համեմատ:
Նիկոլ Փաշինյան - Այս առումով ուզում եմ կոնկրետացնել, որ մայիսի առաջին 22 օրերը ներառյալ` նախորդ տարվա համեմատ մենք ունենք 574 միլիարդ 697 միլիոն դրամի լրացուցիչ առևտրաշրջանառություն, այսինքն՝ նախորդ տարվանը՝ գումարած այսքան, ինչը կազմում է ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլար:
Տարեսկզբից մինչև մայիսի 20-ը ներառյալ 15 միլիոն հատով ավելի ՀԴՄ է տպվել, քան 2021-ի նույն ժամանակահատվածում՝ նշեց Փաշինյանը: Ու թեև թվերից դժգոհ չէ, վարչապետը վստահ է՝ դրանք էլ ավելի բարձր կարող էին լինել, եթե առաջին եռամսյակում բյուջեի ծախսային հատվածի թերակատարում չլիներ: Խոսքը 28 միլիարդի մասին է, որի պատճառները կվերլուծվեն, կպարզվեն, իսկ մինչև այդ նա կաբինետին հանձնարարեց.
Նիկոլ Փաշինյան - Բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ ու պահանջում եմ՝ ուշադիր հետևել բյուջեին՝ որպես իրենց ամենօրյա աշխատանքային փաստաթղթի, բայց պետական նպատակի, հանրային նպատակի համար չծախսելը դա էլ է վատնելու ձև:
ՆՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ՄԻՏՎԱԾ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ
Կառավարությունն այսօրվանից նոր ծրագիր է սկսում՝ միտված էներգաարդյունավետության բարձրացմանը: Գործադիրը կսուբսիդավորի բնակարանը, տունը վերանորոգել ցանկացող այն քաղաքացիների վարկային տոկոսները, որոնց համար էներգախնայողության բաղադրիչն ուղենշային կլինի: Արտաքին դուռ-պատուհանի, պատերի, տանիքի ջերմամեկուսացում, ջեռուցման ապահովում, այս և մյուս հիմնական հասկացություններն արդեն ամրագրված են: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ներկայացրեց մանրամասները:
Արմեն Ղուլարյան (ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Էներգաարդյունավետ վերանորոգման ծախսերն են՝ ընթացիկ վերանորոգում, ներքին հարդարում, որի 20-30 տոկոսը էներգաարդյունավետ միջոցառումներն են:
Ռենովացիա անունը ստացած ծրագիրը գալիս է լուծելու մի խումբ կարևոր խնդիրներ. առաջինը բնակֆոնդի վիճակի բարելավումն է՝ ասաց վարչապետը: Մաշվածության խնդիրը լուրջ է հատկապես գյուղերում. Փաշինյանը սա լավ առիթ է համարում տունը թարմացնելու, ինչու ոչ՝ նաև սեփական բիզնեսը սկսելու համար:
Նիկոլ Փաշինյան - էն բնակարանը, որտեղ կա էներգախնայողություն, մարդը իր հետագայի վրա լուրջ ներդրում է արել, եթե իր բակում կա գաստրոբակ, ապա իր ու երեխաների համար լուրջ ներդրում է արել:
Ծրագրին մասնակցում են բոլոր բանկերը: Վարկը կտրվի 7 տարով, տարեկան 14 տոկոսով, ու արդեն կախված բնակավայրից՝ Կառավարությունը սուբսիդավորում կանի: Հիմքում ունենալով համաչափ զարգացման տեսլականը՝ որոշվել է սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար այն անտոկոս անել, մյուս գյուղական համայնքների բնակիչներին վարկը 2 տոկոսով կտրվի, հանրապետության այլ քաղաքներում՝ 3 տոկոս, իսկ Երևանում 5 տոկոս տոկոսադրույք կլինի: Ըստ վարչապետի՝ պարտադիր պայման է լինելու, որ վարկի առնվազն 70 տոկոսը ծախսվի անկանխիկ. սա թույլ կտա մոնիթորինգն ավելի արդյունավետ իրականացնել, հասկանալ՝ արդյոք ծրագիրը ծառայո՞ւմ է իր նախնական նպատակին:
Նիկոլ Փաշինյան - Գիտեք, որ նոր սերնդի ՀԴՄ ունենք, որտեղ ֆիքսվում է ոչ միայն՝ թե ինչ գումար է ծախսվել, այլև՝ թե ինչ ապրանք է գնվել, հետևաբար՝ էդ ծրագրի շրջանակում մոնիթորինգի հնարավորություն կա: Երբ տեսնենք, որ ծախսվում է նպատակային, կսուբսիդավորենք, եթե տեսնենք, որ նպատակային չի օգտագործվում, կդադարեցնենք սուբսիդավորումը, այսինքն՝ 14 տոկոսով հետագայում ստիպված կլինի մարդը վճարել:
Փոխվարչապետ Գրիգորյանն էլ նկատեց՝ տունը, բնակարանը ռենովացիայի ենթարկելով՝ վարկառուն նաև կոմունալ ծախսերի խնայողություն կանի, ինչը երկարատև ու կայուն ներդրում է:
Մհեր Գրիգորյան (փոխվարչապետ) - Էդ տոկոսի չափն ու խնայվելիք էլեկտրաէներգիայի և գազի ծախսերը մոտավորապես համարժեք են: Ըստ էության, այս վարկն իր էությամբ անտոկոս է:
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԽՈՇՈՐԱՑՎԱԾ 13 ՀԱՄԱՅՆՔ ՄԻԱՎՈՐԵԼ 5-ՈՒՄ
Մեկ այլ նախագծով էլ գործադիրն առաջարկեց խոշորացնել արդեն խոշորացված համայնքներից մի քանիսը: Տարածքային կառավարման նախարարի խոսքով՝ 13-ը կմիավորվեն 5-ում՝ ընդհանուր 141 բնակավայր: Արդյունքում հանրապետությունում կլինի 64 խոշորացված համայնք: Ըստ Սանոսյանի՝ այս որոշմամբ վերադառնում ենք շրջանային մոդելին:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Առաջարկվում է Արագածոտնի մարզում միավորել Թալին և Արագածավան խոշորացված համայնքները: Նրանք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում կմիավորվեն ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին: Լոռու մարզում կմիավորվեն Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ թվով 36 բնակավայր:
Սեպտեմբերի 25-ին այդ համայնքներում ընտրություններ կլինեն, քանի որ դրանցից մի քանիսի ավագանու կամ համայնքապետի լիազորությունների ժամկետը լրանալու է նոյեմբերին՝ նշեց Սանոսյանը: Վարչապետը նկատեց՝ որդեգրած այս քաղաքականությունը համայնքները հզորացնելու գործընթացի մասն է ու ոչ միայն տնտեսական նշանակություն է ունենալու:
Նիկոլ Փաշինյան - ՏԻՄ ընտրությունը մենք դարձրել ենք համամասնական, հարթակ ենք բացել նաև ընդդիմության գործունեության համար և հարթակ ենք ստեղծել, որ քաղաքացին որպես քաղաքական ինստիտուտ ավելի մեծ լծակներ ուեննա և հետագայում իր կայացրած որոշումը տեղում գնահատելու ավելի մեծ հնարավորություն ունենա, ու պետք է հետևողականորեն տանենք ամբողջ հանրապետոթյունում:
200 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ՄԱՐԶԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻՆ
Փոխվարչապետ Մաթևոսյանն էլ սուբվենցիոն վիճակագրությունը մեջբերեց: 2019-ին մեկ մարզի կտրվածքով միջինում 1,5 մլրդ դրամ արժեքով ծրագրեր են իրականացվել, իսկ այժմ այս թիվը տասնապատկվել է՝ նշեց նա: Կարևորելով սուբվենցիոն ծրագրերը՝ Փաշինյանն էլ հիշեցրեց՝ 2018-ից մինչև այսօր մոտ 350 մլն դոլարի ներդրում է կատարվել: Մեկ այլ ֆինանսական փաթեթով էլ Կառավարությունը պահուստային ֆոնդից լրացուցիչ 200 միլիոն դոլար հատկացրեց մարզական ֆեդերացիաներին՝ 2022 թ. Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում նրանց պատշաճ մասնակցությունն ապահովելու համար:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Բասկետբոլ, բռնցքամարտ, ըմբշամարտ, լող, ծանրամարտ, հրաձգություն, ձյուդո, մարմնամարզություն, սուսերամարտ, վոլեյբոլ, թենիս:
Քովիդի պատճառով 20-21-ին չեղարկված մրցաշարերն անցկացվում են այս տարի, հետևաբար նախնական հաստատված միջոցները չեն բավարարում ֆեդերացիաներին՝ հավելեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ հարությունյանը:
Փաշինյանն էլ կարևորեց ծախսերի արդյունավետությունը, նշեց՝ ցանկացած միջազգային մրցաշարի պետք է պատրաստվել նախապես, որ ստանանք ակնկալվող արդյունքը: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է իր տեղն ունենա աշխարհի մարզական քարտեզին: Հիմա Երևանը հյուրընկալել է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը, հաջորդ տարի էլ այստեղ կանցկացվի Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: