ԱՆԿԱՐԱՆ ԿՈՂՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտության միջոցով խաղաղության հաստատման օգտին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը:
Էրդողանն ընդգծել է, որ Ստոկհոլմի և Հելսինկիի շփումները Քրդստանի աշխատավորական կուսակցության և սիրիական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» հետ չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի արժեքներին:
Մակրոնը, իր հերթին, Էրդողանին կոչ է արել հարգել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի որոշումը: Նրա խոսքով՝ դա այդ երկրների ինքնիշխան որոշումն է:
ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԵՐՍԿՍԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ
Իսրայելը և Թուրքիան պայմանավորվել են վերսկսել տեխնիկական հանդիպումները ԱԳ նախարարությունների և պետական կառույցների մակարդակով, ինչպես նաև գնահատել դեսպանների նշանակման հարցը՝ նախօրեին տեղեկացրել է Մևլութ Չավուշօղլուն Իսրայել կատարած այցի ժամանակ։
Նա նշել է նաև, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը կօգնի լուծել Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Չավուշօղլուն Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ քննարկել է նաև իրավիճակը Գազայի հատվածում։ Սա վերջին 15 տարվա ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին պաշտոնական այցն էր Իսրայել։
ՉԺՀ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
Վաշինգտոնը, չնայած Ուկրաինայում իրավիճակին, կարծում է, որ Չինաստանի քաղաքականությունն է միջազգային ամենալուրջ երկարաժամկետ մարտահրավերը, հայտնում են Պետքարտուղարությունից։
Էնթոնի Բլինքենի խոսքով` այնուհանդերձ, պատրաստ են ընդլայնել Պեկինի հետ շփումները մի շարք հարցերի շուրջ։ Պետքարտուղարը հավատացրել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել Չինաստանի հետ և դեմ է սառը պատերազմին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի աջակցում Թայվանի անկախությանը, սակայն դատապարտում է նրա դեմ միակողմանի քայլերը և մեղադրում է Պեկինին սադրանքների համար։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ից զգուշացրել էին, որ ԱՄՆ-ը «բարձր գին» կվճարի, եթե շարունակի հանդես գալ Թայվանի անկախության օգտին։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինին։ Նա բարձր է գնահատել Ուկրաինային Հելսինկիի աջակցությունը պաշտպանական, ֆինանսական և հումանիտար ոլորտներում։
«Ֆինլանդիան կարող է օգնել մեզ նաև Եվրամիությանն անդամակցության և պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման հարցում»,- հավելել է նախագահը։
Սաննա Մարինը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Կիևը պայքարում է հանուն իր ազատության և ողջ Եվրոպայի։
ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵՆՔ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ռուսաստանցի մասնագետներ Հայաստան են տեղափոխվել։
«Դե, տեղափոխվել են, թող աշխատեն»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում: Նա, այնուամենայնիվ, կարծիք է հայտնել, որ ընդհանուր իրավիճակը Մոսկվայի համար որոշակի մարտահրավերներ է ստեղծում։
«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ապահովենք»,- պարզաբանել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացումը:
ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է, ՈՐ ԿԻԵՎԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՌԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. ՊԵՍԿՈՎ
Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի պահանջները՝ հայտնել է Դմիտրի Պեսկովը, հավելել՝ խոսքը տարածքային զիջումների մասին չէ։
Նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է նաև, որ Մոսկվան չի ընդունում Ուկրաինայից Աֆրիկա և այլ երկրներ հացահատիկի արտահանումը խոչընդոտելու համար Ռուսաստանին ուղղված մեղադրանքները։
«Արևմուտքը պետք է չեղարկի այն պատժամիջոցները, որոնք խանգարում են նավերով փոխադրումների իրականացմանը, հացահատիկի արտահանմանը»,- մանրամասնել է Պեսկովը։
ԿՈՒԼԵԲԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՐԱԳԱՑՆԵԼ ԿԻԵՎԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցությունները վերսկսելու համար նախապայմաններ չունի։
«Կիևի համար էմոցիոնալ առումով չափազանց դժվար է Մոսկվայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց մենք պատրաստ ենք կառավարել մեր զգացմունքները, եթե դա կօգնի խաղաղություն հաստատել»,- պարզաբանել է նա։
Արտգործնախարարը կոչ է արել Արևմուտքին արագացնել Կիևին ռազմական աջակցությունը, քանի որ հակառակ դեպքում իրավիճակը Դոնբասում ավելի կվատանա։ Կուլեբայի խոսքով՝ Կիևը ողջունում է հակամարտության կարգավորման ցանկացած նախաձեռնություն, որը չի ենթադրում շփման գծերի ստեղծում և տարածքների զիջում։
ԵՄ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ԿԻԵՎԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՏԱՐԱԾՔ ԶԻՋԵԼ. ՊՈԴՈԼՅԱԿ
Եվրամիության անդամ որոշ երկրներն Կիևին առաջարկում են զիջել տարածքի մի մասը՝ հրադադարի դիմաց՝ հայտարարել է Միխայլո Պոդոլյակը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի կարծիքով՝ Եվրոպան ցանկանում է վերսկսել բիզնես հարաբերությունները Ռուսաստանի հետ և դրա համար Կիևին ստիպում է նոր «մինսկյան համաձայնագրեր» ստորագրել։ Պոդոլյակը վստահեցրել է՝ Կիևը վաճառքի չի հանի Ուկրաինայի ինքնիշխանությունը։