Մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է:
Ընդգծվել է, որ հայկական 2000-ից ավելի մշակութային օբյեկտների և 21000 թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում:
Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱԼԻՖ-ի՝ Տավուշի և Սյունիքի մարզերի հայկական պատմամշակութային հուշարձանների նկարահանման և դրանց 3D ձևաչափով թվայնացման նպատակով կատարված աշխատանքները և այս ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը:
ԱԼԻՖ-ը ստեղծվել է 2017թ. Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցության արդյունքում։ Եզակի նախաձեռնություն է՝ ուղղված հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության մարտահրավերների հաղթահարմանը։ Համարվում է ժառանգության պաշտպանության և վերականգնման առաջամարտիկ։ Ունի միջազգային կազմակերպության և միաժամանակ մասնավոր հիմնադրամի կարգավիճակ։