Անկարան հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «արդար խաղաղության» շուտափույթ հաստատման օգտին՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է խթանել երկու երկրների միջև երկխոսությունն ու դիվանագիտությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, թուրք-ֆրանսիական հարաբերությունները, իրադրությունն Ուկրաինայում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտը:
Էրդողանն ընդգծել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի շփումները Քրդստանի աշխատավորական կուսակցության և սիրիական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ենթակայության ներքո գտնվող անհատների և կազմակերպությունների հետ չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի ոգուն:
Մակրոնն իր հերթին Էրդողանին կոչ է արել հարգել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի որոշումը: Նրա խոսքով՝ դա այդ երկրների ինքնիշխան որոշումն է: Ֆրանսիայի ղեկավարը հույս է հայտնել, որ շուտով Թուրքիան կհանի վետոն։