ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը չի շարունակվի, մինչև Անկարայի պահանջները չկատարվեն: Այս մասին երկու երկրի պատվիրակությունների հետ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Մենք ցանկանում ենք, որ ահաբեկչական կազմակերպությունների դեմ կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն։ Ստոկհոլմի և Հելսինկիի ներկայացուցիչներին փաստեր ենք ներկայացրել, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և սիրիական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» ահաբեկչական են։ Նաև բարձրացրել ենք ահաբեկչության մեջ կասկածվող անձանց Թուրքիա արտահանձնելու հնարավորությունը»,- ընդգծել է Քալընը։
Պաշտոնական Անկարան պահանջել է նաև անհապաղ վերացնել Թուրքիայի նկատմամբ պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումները: «Հելսինկիից և Ստոկհոլմից դրական ազդակներ ստացանք այդ հարցում»,- հավելել է պաշտոնյան։
Շվեդիայի ԱԳ նախարարն էլ հայտարարել է, որ Անկարայի հետ բանակցությունները կշարունակվեն։