2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի
ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը:
«Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։
Անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար։
Տեսանյութում դիտեք Transporter-5 տիեզերանավի թողարկման կադրերը»,- գրել է Արշակյանը: