ՏՏ ռելոկացիա՝ Հայաստանում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է ուղեցույց, որտեղ Այ Թի ոլորտի նոր գրանցվող ընկերությունները կարող են գտնել անհրաժեշտ ամբողջական տեղեկություն՝ ուր դիմել, փաստաթղթերի ինչ փաթեթով:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Մի տեղում փորձել ենք հավաքենք ամբողջ ինֆորմացիան, որպեսզի հեշտ լինի մի աղբյուրից օգտվել բոլոր ընկերություններին: Նաև աշխատանքի իրավունքի հետ կապված որոշ տեղեկություն գրված ա:
Կցված են նաև համապատասխան բոլոր հղումները: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խոսքով՝ շատացել են արտոնությունների համար դիմող ընկերությունները: Այ Թի ոլորտում հարկային արտոնություն տրամադրող օրենքն ուժի մեջ է մտել 2015 թ.: Առաջին տարում արտոնության համար դիմել էր 52 կազմակերպություն, 2016-ին՝ 103, 2017 թ.՝ 268 կազմակերպություն: Սկզբնական շրջանում արտոնությունը տրամադրվում էր 5 տարով, իսկ հայտերի վերջնաժամկետը 2017 թ. դեկտեմբերի 1-ն էր: Հետո օրենքում փոփոխություններ արվեցին, ավելացավ ևս մեկ գործունեության տեսակ, սահմանվեցին նոր ժամկետներ, այս անգամ՝ նորաստեղծ նորարարական ընկերությունների համար:
Ռոբերտ Խաչատրյան - ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններն ազատվում են շահութահարկից, և եկամտային հարկը ընկերության համար դառնում է 10 տոկոս: Դա գործում է այնքան, քանի դեռ աշխատակիցների թիվը չի գերազանցում 30-ը: Դա մի օրենք է, որը կարգավորում է փոքր ու միջին ընկերությունների արտոնությունները: Իսկ ավելի խոշոր կամ նորաստեղծ ընկերությունների համար, որ ուզում են Հայաստան տեղափոխվել, նոր Հայաստանի ռեզիդենտ դարձած ընկերությունների համար գործում է միայն Կառավարության որոշում, որով այն աշխատակիցները, որոնք վերջին 6 ամսվա ընթացքում Հայաստանում հարկ չեն վճարել, ընկերությունը այդ նոր աշխատակիցներից համար՝ սկսած 10 աշխատակցից, ստանում է վճարված եկամտային հարկի 50 տոկոսի վերադարձ:
Այս արտոնություններից կարող են օգտվել միայն Հայաստանի ռեզիդենտ ընկերությունները: 2019 թ. 230 կազմակերպություն է ստացել հարկային արտոնություն, 2020-ին՝ 192, 2021-ին՝ 210, 2022 թ. մայիսի 20-ի դրությամբ՝ 327: Միայն այս տարի արտոնություն ստացած ընկերություններից 205-ը օտարերկրյա կազմակերպություններ են, որոնք գրանցվել են Հայաստանում: Այս տարի արտերկրից տեխնոմտքի ներհոսքը մեծ է:
Ռոբերտ Խաչատրյան - Բնականաբար ոչ բոլոր եկողներն են բարձր պաշտոններ զբաղեցրած մասնագետներ, բայց դա հնարավորություն է տալիս նաև բարձրակարգ մասնագետներին գալ Հայաստան, որի պակասը ամբողջ աշխարհում կա՝ կադրերի խնդիրը: Սա մի հնարավորություն ա պետության համար, որ ստեղ ձևավորենք նոր կարողություններ, և դա վստահ կնպաստի ՏՏ ոլորտի ավելի արագ զարգացմանը: Միանշանակ նպաստավոր է լինելու դա:
Արտոնությունները թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ընկերությունների համար նույնն են, Ռոբերտ Խաչատրյանը վստահեցրեց՝ ձգտում են հավասար պայմաններ ապահովել՝ շեշտը դնելով ոլորտի զարգացման վրա, իսկ զարգացումը չդադարող պրոցես է:
Ռոբերտ Խաչատրյան - Այն խոշոր ընկերությունները, անվանի ընկերությունները, անուններ չեմ ուզում նշեմ, իրենց ներկայությունը Հայաստանում փաստում է, որ ոլորտը ձևավորված է, և կա ներուժ, կան հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել: Ես կարծում եմ, ոլորտի կայացվածության դրանից լավ ապացույց չկա:
Նախարարը կարևոր է համարում, որ Հայաստանում ընկերությունների քանակի ավելացմանը զուգահեռ նաև մատուցվող ծառայությունների որակն է բարձրանում: