«Պարո՛ն վարչապետ, ԱԺ-Կառավարություն նախորդ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին` Դուք ասացիք, որ կարևոր բացահայտում եք հնչեցնելու՝ կապված արցախյան հարցի բանակցային գործընթացի հետ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և խնդրեց վարչապետին այդ հարցին անդրադառնալ այսօր, քանի որ հասարակությանը հետաքրքիր է այդ բացահայտումը:
«Այսօր շատ են խոսում նրա մասին, որ Ղարաբաղի հարցի հասցեագրման ժամանակ պետք է հայկական կողմը հենվեր և հենվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կողմից անկախություն հռչակելու փաստի վրա և 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեի վրա, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հռչակել է անկախություն: Հայկական նարատիվը միշտ եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և սահմանված կարգով ու հանրաքվեով դուրս է եկել Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից:
Հիմա վերադառնանք 2007 թվական, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես կարգավորման բանակցային հիմք, ընդունում է Մադրիդյան սկզբունքները, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ հայկական կողմը այդ հենքն ընդունելով՝ ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն:
Երբ հայկական կողմն ընդունել է, որ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա մենք բոլորս նստած ենք եղել, որովհետև, եթե, ինչպես մենք արդարացիորեն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը քիչ չի, մի հատ էլ ասում ենք, որ իր հետ համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա: Այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանի՝ էդ ընդունած կառավարությունը, որի ներկայացուցիչներն են այսօր քաղաքում խցանումներ առաջացնող բոլոր երեք ուժերի ներկայացուցիչները, Ադրբեջանին վետոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձավ նաև խաղաղության օրակարգին:
«Էսօր ուզում են ասել, որ՝ մենք եկել ենք, պատերազմ ենք բերել: Ո՛չ, մենք չենք եկել, պատերազմ բերել: Դուք պատերազմն անոնս եք արել ու գնացել եք: Այդ պատերազմը կանխելու միայն մի ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր ոչ ընդունելի պայմանները և պահանջները: Պատերազմը 2016 թվականին արդեն սկսվել էր, և Սերժ Սարգսյանն ինքն է այս ամբիոնից անոնս արել, որ այլևս պատերազմ չլինելու հույս չունենանք: Սա է ամբողջ ճշմարտությունը: Մենք հիմա, այո՛, ամեն հնարավորն անում ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, անվտանգությունը, կարգավիճակի հարցը լուծվի: Բայց մենք ասում ենք, որ մեր օրակարգի վերևում խաղաղությունն է: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաստատել խաղաղություն: Մենք գնալու ենք մեր ժողովրդի, մեր հայրենիքի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հետևից»,- ասաց Փաշինյանը: