Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանը երեք ներկայացուցիչ կունենա: ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ ցերեկային մրցահերթում մրցելով գերմանացի Քևին Շումանի հետ:
Նույն մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և կմենամարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովի հետ:
Հայաստանի երրորդ ներկայացուցիչը կլինի Կարեն Տոնականյանը (60 կգ): Երեկոյան մրցահերթում նա իր ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ:
Հիշեցնենք՝ երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի երեք ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը:
Եվրոպայի առաջնության 1/16 եզրափակչում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Քոսիան Դմիտրիի հետ և, տպավորիչ հաղթանակ տանելով՝ դուրս եկել 1/8: Հատկապես երրորդ ռաունդում նա մի քանի անգամ գերազանցել է մրցակցին:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ հաղթանակներ էին սպասում ոչ միայն Համբարձում Հակոբյանից, այլև օրվա մեր մյուս ներկայացուցիչներից՝ 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանից և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանից. «Երեք մենամարտ ունեինք, և սպասում էի, որ երեքի դեպքում էլ հաղթանակը մերն է լինելու: Կան սխալներ, և որոշ հարցերում տղաները չարդարացրին իրենց: Համբարձում Հակոբյանը բոլորին գերազանցեց իր կամային որակներով, թեև մենամարտի ժամանակ նրա մոտ մի փոքր լարվածություն կար»:
Հիշեցնենք՝ Ջանիկ Սահակյանը մեկնարկային մենամարտում զիջել էր Ուկրաինան ներկայացնող Ելմիր Նաբիևին, իսկ Նարեկ Զախարյանը պարտվել էր սլովակ բռնցքամարտիկին: Մայիսի 24-ին կայացած մենամարտերի արդյունքում հայտնի են դարձել նաև Հայաստանի հավաքականի առաջատարներ Հովհաննես Բաչկովի և Դավիթ Չալոյանի մրցակիցները:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի 1/16 եզրափակչում կմրցի անգլիացի Ջոզեֆ Թայերսի հետ, իսկ գերծանր քաշային կարգում աշխարհի գործող փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլդոյի հետ:
Բաչկովն ու Չալոյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն մայիսի 26-ին: