Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիր, Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներ, փակ սահմաններ հարևաններից երկուսի հետ. հիմա նոր ճգնաժամի մեջ ենք, բայց այն կարողանում ենք հաղթահարել. հատված է նախագահ Վահագն Խաչատուրյանի` Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի պանելային քննարկմանն ունեցած ելույթից: Նախագահի համոզմամբ` մարտահրավերների լուծման հայկական բանաձևն է՝ հավատարիմ մնալ որդեգրած ժողովրդավարական սկզբունքներին:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Ամենակարևորը իշխանության և հասարակության միջև հարաբերություններն են, թե ինչքան է հասարակությունը վստահում իշխանությանը, և մյուս կողմից՝ ինչքան լավ է իշխանությունը հասկանում իր հասարակության խնդիրները: Եթե նրանց միջև երկխոսություն կա, ապա լուծվում է և՛ աղքատության հարցը, և՛ նվազում է նոր ճգնաժամ առաջանալու հավանականությունը, և՛ երկիրն ավելի կայուն ու կառավարելի է լինում:
Խաչատուրյանի ձևակերպմամբ` 2000-2018 թվականների ընթացքում Հայաստանը հրաժարվել էր ժողովրդավարական արժեքներից, հայտնվել ծայրահեղ վատ վիճակում. թավշյա հեղափոխությամբ երիտասարդ կառավարությունը նոր շունչ է հաղորդել. մարդիկ, բիզնեսը ազատություն են զգում: Գործարարները համոզվել են՝ պետությունը իրենց հետ ոչ թե ժամանակավոր խաղի կանոններով է աշխատում, այլ օրենքով:
Վահագն Խաչատուրյան - Մարդիկ կարողանում էին ազատ գործարարությամբ զբաղվել, ոչ ոք չէր կարող իրենց խոչընդոտել, գումարներ պահանջել, քաղաքական ուժերը հնարավորություն ստացան հավասար պայմաններով ընտրությունների մասնակցել: Տնտեսությունը հաջորդ տարում միանգամից ունեցավ 7,5 տոկոս աճ: Գործարարները համոզվեցին, որ պետությունը իրենց հետ ոչ թե ժամանակավոր խաղի կանոններով է աշխատում, այլ ընդունված օրենքով ու կանոններով, որը ենթադրում է պարտաճանաչ հարկեր վճարել և որոշ սոցիալական պարտավորություններ կատարել:
Սա օրինակ է, որ կարող է բոլորին հետաքրքրել, նշում է նախագահը, ավելացնում՝ կոռուպցիայի բացառումը շատ մեծ խթան է:
Վահագն Խաչատուրյան - Այն բոլոր գումարները, որ ծախսվում են երկրներում, հասնում են մարդկանց, ում պետք է, և՛ աղքատությունն է պակասում, և՛ ռիսկերն են նվազում: Իսկ եթե դա հասնում է մի խումբ մարդկանց, որոնք ուղղակի այն օգտագործում են իշխանությունը պահելու համար, դա հղի է մեծ կոնֆլիկտներով:
ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ԴԱՎՈՍՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԽՄԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Հանրապետության նախագահը Դավոսում հանդիպել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Խաչատուրյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը, քննարկել Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների շարունակականության ապահովումը:
Նախագահ Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ, քննարկել այդ երկրների հետ երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր: