Ներսում դաս է, իսկ համալսարանի բակում ցուցահանդես. ներկայացված են քիմիայի ֆակուլտետում իրականացվող կիրառական նշանակության հետազոտությունների արդյունքները, ուսանողական նախաձեռնությունները:
Այս տաղավարում թափոններին երկրորդ կյանք են տվել: Աղբի վերամշակման բազմաթիվ օրինակներ են հետազոտել ու ցուցադրել: Պոլիէթիլենից պայուսակներ, լավանդայի, յասամանի ցողուններից վառելանյութեր են ստացել: Արտադրական գաղտնիքները չեն բացում, վերամշակման լայն հնարավորություններն են ցուցադրում:
Հարևան տաղավարում էլ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտների հիմնած արտադրությունն է: Համալսարանն ավարտել, ստացած գիտելիքներով օճառներ, կրեմներ, կոսմետիկ միջոցներ, նաև էպօքսիդային զարդեր են պատրաստում: Արտադրանքը դեռ ստանդարտացման փուլում է, առայժմ վաճառում են առցանց:
Ալլա Աբրահամյան (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանող) - Ներկայացված ամեն ինչ պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից, իրենց մեջ չեն պարունակում ազոտի ու ֆոսֆորի միացություններ, որոնք վնասակար են առողջության համար: Ունենք հեղուկ օճառներ, կրեմ օճառներ, ձեռքերի կրեմ, սփրեյ օճառներ, շուրթերի կրեմներ, շամպուններ, լոգանքի գելեր:
Էքսպոն Քիմիկոսի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպել է մայր բուհի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնը՝ ուսանողական խորհրդի հետ համատեղ: ԵՊՀ ռեկտորը շրջեց տաղավարներով ու փաստեց՝ միջոցառումով նպատակ ունեն մասնագիտությունը գրավիչ դարձնել, զուգահեռ նաև մայր բուհի պոտենցիալը ներկայացնել:
Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Սրանով ուզում ենք ցույց տալ քիմիայի կարևորությունը և շեշտել, որ քիմիական արտադրության պոտենցիալ կա Հայաստանում, և այդ պոտենցիալը պետք է օգտագործվի զուգահեռաբար՝ ուշադրությունը կենտրոնացնելով քիմիայի ֆակուլտետի և այս մասնագիտության վրա:
35 տաղավարով այստեղ ներկայացված է քիմիայի ֆակուլտետի ամբողջ ներուժը: Բուսայուղեր, եթերայուղեր, սննդային հավելումներ, կենցաղային քիմիայի միջոցներ, պարարտանյութեր, շինանյութեր, շոկոլադի ու կարամելի արտադրություն: Էքսպոյին են միացել նաև մայր բուհի գործընկեր կազմակերպությունները: Իսկ ցուցահանդեսի հյուրերի մեծ մասը տարբեր դպրոցների աշակերտներ են:
Վլադիմիր Վարդապետյան (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի գիտաշխատող) - Հիմնական նպատակը ուղղված է դպրոցականների հետ տարվող աշխատանքներին, դպրոցականներին ցույց տալ, որ քիմիա մասնագիտությունը ունի շատ մեծ ներուժ, քիմիա մասնագիտությամբ կարելի է գտնել աշխատանք ցանկացած բնագավառում:
Այստեղ խնդիր են դրել գիտությունն ավելի կիրառական դարձնել, արտադրանքն էլ համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: Էքսպոն բաց կլինի նաև հինգշաբթի: