Գյումրին այս տարի 4 մլրդ դրամ արժողությամբ սուբվենցիոն հայտ է ներկայացրել Կառավարություն, որն ընդգրկում է հինգ խոշոր ուղղություն՝ քաղաքաշինություն, բնակարանաշինություն, մշակույթ, տրանսպորտ և բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացում։
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - 22 փողոց հիմնանորոգվելու է, 11 մանկապարտեզ վերանորոգման կոսմետիկ աշխատանքներ, երկու տեխնիկայի ձեռքբերում և բարձիչ, որոնք քաղաքի համար անհրաժեշտ են, ջերմամեկուսացման ծրագիր։
Ջերմամեկուսացման ծրագրում կարող են ընդգրկվել բազմաբնակարան շենքեր, եթե համայնքը պատրաստակամ է ֆինանսական իր ներդրումն ունենալ 5 տոկոսի չափով։ Ներդրման առյուծի բաժինը Կառավարության-համայնք ֆինանսավորմամբ է։
Այս տարի քաղաքային իշխանությունը ծրագիր է ներկայացրել նաև մշակութային օջախների նորոգման համար։ Ասլամազյան քույրերի պատկերասրահը այդ ցանկում է։
Նարինե Խաչատրյան (Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի գիդ-էքսկուրսավար) - Մեր պատկերասրահը գտնվում է Աբովյան փողոցում, բնակարանը նախկինում պատկանել է գյումրեցի մեծահարուստ Քեշիշյանների ընտանիքին, ու զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր փայտե շքեղ պատշգամբը: Ցավոք, այդ ամենը հնարավոր չէ, քանի որ արդեն երկար տարիներ պատշգամբը վթարային վիճակում է։
Հիմա ծրագիր է ներկայացվել Քեշիշյանների կառուցած պատշգամբը առաջին անգամ ամրացնելու, նորոգելու համար։ Հաջորդը ծրագրում Գյումրու տիկնիկային թատրոնն է։
Արմենուհի Մանուկյան (Գյումրու տիկնիկային թատրոնի տնօրենի պաշտոնակատար) - Թատրոնի տանիքի հարցն է, այն չի կարող մեզ պաշտպանել, նախանցած տարի հստակ պարզ եղավ վիճակը՝ եթե տանիք չունես, անիմաստ է ներքին հարդարումը։
Նորոգման կարիք ունեն նաև թատրոնի սրահները, միջանցքները, ինչպես նաև մեծ ու փոքր բեմերը, աշխատասենյակները։ Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ մասի նորոգումը կընդգրկվի ծրագրում:
Սուբվենցիոն հայտով այս տարի Կառավարություն է ներկայացվել նաև սոցիալական բնակարանների նորոգման առաջարկություն։ Այն բնակարանները, որոնք տիրազուրկ են ճանաչվել և համայնքի իրավասության տակ են, կնորոգվեն ու կհանձնվեն տնակներում ապրողներին։ Այդպիսի 15 բնակարան կա։