ՈՒԿՐԱԻՆԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՉԻ ԶԻՋԻ ՈՐԵՎԷ ՏԱՐԱԾՔ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան Ռուսաստանին չի զիջի որևէ տարածք, այդ թվում Ղրիմը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը ու ընդգծել, որ շուտով հետ են բերելու այն բոլոր շրջանները, որոնք Ռուսաստանի վերահսկողության տակ են:
Խոսելով Դոնբասում տիրող վիճակի մասին՝ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ իրավիճակն այնտեղ չափազանց բարդ է. «Ռուս զինվորականներն ամբողջ ուժերը կենտրոնացրել են Ուկրաինայի արևելյան հատվածում»: Նա դիմել է Արևմուտքին՝ երկրին ավելի շատ ծանր սպառազինություն՝ համազարկային կրակի հրթիռային համակարգեր, տանկեր, հականավային հրթիռներ և այլ տեսակի զենքեր մատակարարելու համար։ Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը, ըստ Զելենսկու, «լավագույն ներդրումն է աշխարհում կայունության պահպանման և այն ծանր ճգնաժամերից շատերը կանխելու համար, որոնք Ռուսաստանը դեռ ծրագրում է կամ արդեն հրահրել է»։
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԱՏՕ-Ի ՀԱՄԱՐ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
Թուրքիան առանցքային նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։ Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ այսօր Ֆինլանդիան և Շվեդիան պատվիրակություններ կուղարկեն Անկարա՝ փորձելու բանակցել և փոխել Հյուսիսատլանտյան դաշինքին երկու երկրների անդամակցության հետ կապված Թուրքիայի առարկությունը:
Ստոլտենբերգի խոսքով՝ կառույցը նույնպես ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: Իր ելույթում Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդը Մոսկվային կոչ է արել վերացնել Օդեսայի և ուկրաինական բոլոր նավահանգիստների շրջափակումը, որպեսզի հնարավոր լինի հացահատիկ արտահանել Ուկրաինայից:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է «ԿԱՆԱՉ ՄԻՋԱՆՑՔ» ՁԵՎԱՎՈՐԵԼ. ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Ներկայումս անհրաժեշտ է ամենասեղմ ժամկետներում «կանաչ միջանցք» ձևավորել՝ Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար՝ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով զրույցում։ Վան Ին նշել է՝ Չինաստանը երբեք մի կողմ չի քաշվել միջազգային հանրությանը հուզող հարցեր քննարկելիս և հացահատիկի արտահանման հարցը պատրաստ է քննարկել բոլոր կողմերի հետ։
ԲԱՅԴԵՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԶԵՆՔԻ ԼՈԲԲԻԻ ԴԵՄ
ԱՄՆ նախագահը ամերիկացիներին խնդրել է կանգնել զենքի լոբբիի դեմ և ճնշում գործադրել Կոնգրեսի անդամների վրա՝ ընդունելու զենքի մասին խելամիտ օրենքներ: Ջո Բայդենը հիշեցրել է, որ 2012 թվականից ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 900 անկանոն կրակահերթ է եղել։ Բայդենը նման հայտարարություն է արել Տեխասի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ հանցագործը 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսն է: Նա գործել է միայնակ, իրավապահ մարմիններն հաջողվել է սպանել հանցագործին: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադրել Է խոնարհել դրոշները ի հիշատակ զոհվածների:
ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԿԿԱՌԱՎԱՐԻ ԱՄԷ-Ն
Թալիբանի կառավարությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ նախատեսում է համաձայնագիր ստորագրել Աֆղանստանի օդանավակայանների և, առաջին հերթին, Համիդ Քարզայի անվան Քաբուլի միջազգային օդանավակայանի նկատմամբ վերահսկողությունը Էմիրություններին փոխանցելու վերաբերյալ։ Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանի օդանավակայանների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար պայքարում էին Թուրքիան, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երրորդ անգամ վերընտրվել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնում: Նիստի ընթացքում կայացել են նաև նախագահական խորհրդի ընտրությունները, և նշանակվել առաջին և երկրորդ փոխնախագահները։ Ալի Նիքզադը և Աբդոլռեզա Մասրին, յուրաքանչյուրը ստանալով ընդհանուր 280-ից 168 ձայն, ընտրվել են, համապատասխանաբար, առաջին և երկրորդ փոխնախագահի պաշտոնում: