8 դրվագ պաշտոնեական լիազորությունների անցում, 7 դրվագ պաշտոնեական կեղծիք, մեկ դրվագ էլ` լիազորությունների չարաշահում՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի մեղադրանքներն են: Նախաքննությունն արդեն ավարտված է: Դրվագներից մեկով Ասլանյանը, որը համայնքը ղեկավարել է 2016-ից մինչև 2021-ի հոկտեմբերը, հնարավորություն է ընձեռել իր մտերիմներից մեկի մորը Վանաձորի Նարեկացու փողոցում գտնվող հասարակական կառուցապատման հողամասն օգտագործել ապօրինի հուղարկավորությունների համար:
Վաչե Մխիթարյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կասեցրել և թույլատրել է, որպեսզի այդտեղ, այսինքն` 2020 թվականից մինչև 2021 թվականը իրականացվեն թվով 15 հուղարկավորություններ: Նշեմ, որ այդ հուղարկավորությունները իրականացվել են տարբեր անձանց կողմից այդ տարածքի սեփականատիրոջից հողը նվիրատվությամբ կամ գնելու միջոցով:
Մամիկոն Ասլանյանի գործողությունների հետևանքով համայնքի իրավունքներին պատճառվել է էական վնաս, խախտվել է օրենքի այն պահանջը, ըստ որի՝ գերեզմանատները տեղակայվում են բնակելի տներից, դպրոցներից, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստյան գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա: Մեկ այլ դրվագով էլ համայնքի նախկին ղեկավարը 2020-21 թվականների ընթացքում երեք անգամ դիմել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Նարեկացու փողոցի երկու այլ հասցեի հողատարածքների նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն ստանալու համար.
«Սակայն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից երեք անգամ լրամշակման ետ ուղարկվելուց հետո Մամիկոն Ասլանյանը ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի և իրավաբանական բաժնի պետ Արևհատ Հովհաննիսյանի օժանդակությամբ դիտավորությամբ անցնելով իր պաշտոնեական լիազորությունները փոխել է Վանաձոր համայնքի Նարեկացու 1/1 և 1/-6 հասցեներում գտնվող հողատարածքների նպատակային նշանակությունը»:
Բացի այդ, հետագայում այդ հողերի գործառնական նշանակությունը փոխվել է՝ սահմանվել որպես մասնավոր գերեզմանատների համար նախատեսված հողեր.
«Հաջորդ 7 դրվագներով Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը Սուրեն Աբովյանի օժանդակությամբ փոխել է Վանաձոր համայնքի թվով 7 հասցեների հողատարածքների գործառնական նշանակությունները, որոնք Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն՝ սահմանված են եղել որպես ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածքներ»:
Համայնքի ղեկավարը նման գործողություններ կատարելու համար պետք է դիմեր Քաղաքաշինության կոմիտե, և միայն նրանց համաձայնությունը ստանալուց հետո իրավունք ստանար փոխելու այդ հողատարածքների գործառնական նշանակությունը, ինչը չի կատարել, նշում է քննիչը.
«Համայնքի ղեկավարը նշված հողամասերն օտարելու հետ կապված ՀՀ հողային օրենսգրքով սահմանված արգելքները վերոնշված եղանակով շրջանցելուց հետո ընդգրկել է այդ հողատարածքները օտարման ցուցակներում և աճուրդային կարգով օտարել նշված հողատարածքները»:
Ասլանյանը, սակայն, մեղքը չի ընդունում. նրա պաշտպաններից Արտակ Ոսկանյանը դիրքորոշում չհայտնեց, նշեց՝ կխոսի մեղադրական եզրակացությունը ստանալուց հետո: Մամիկոն Ասլանյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 15-ից, բացի նրանից՝ մեղադրյալների թվում են նաև Վանաձորի գլխավոր ճարտարապետն ու համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան