Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի հարցին, նշեց, որ 2011 թ. սկսված համայնքների խոշորացման գործընթացը 2016-2017 թթ. երկու փուլով իրականացվել է, հաջորդ փուլն իրականացվել է նախորդ տարի` 36 համայնքների մեջ միավորելով 441 բնակավայր:
Գնել Սանոսյանը նշեց, որ 2017 թվականին միավորված համայնքների 5 տարին լրանում է այս տարվա նոյեմբերին:
«Հաշվի առնելով, որ դրանց մի մասը փոքր փնջերով է, ցանկանում ենք դրանք միավորել: Այս պահին ունենք նախագիծ, որն առաջիկայում Կառավարությունում կընդունենք և կուղարկենք ԱԺ. 13 արդեն միավորված համայնքները ցանկանում ենք ներառել 5 համայնքների մեջ»,- ասաց Գնել Սանոսյանը:
Ինչ վերաբերում է սուբվենցիոն ծրագրերի վրա խոշորացման ազդեցությանը, նախարարն ասաց, որ ազդեցությունը հատկապես այս տարի համայնքների կողմից ուղարկված հայտերով շատ ակնառու է:
«Ստացվում է, որ ինչքան համայնքը մեծ է, նրա ֆինանսական հնարավորություններն այնքան մեծ են, դա էլ հանգեցնում է նրան, որ կարողանում է շատ ծրագրեր անել թե՛ սուբվենցիոն, թե՛ այլ տեսակի, և այդ նաև օրինակն է բերում նրան, որ մենք ավելի խոշոր միավորներ ստեղծելու ցանկություն ունենք»,- ասաց Գնել Սանոսյանը: