ՌԴ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին՝ կազմակերպության միասնությունը խարխլելու Արևմուտքի քայլերի ֆոնին՝ հայտարարել է Սերգեյ Շոյգուն: Պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվան կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ ինքնիշխանության պահպանման գործում:
Նա անդրադարձել է նաև Ուկրաինայում իրավիճակին, հայտնել՝ շրջափակված բնակավայրերից մարդկանց տարհանման համար հայտարարվում է լռության ռեժիմ, ստեղծվում են հումանիտար միջանցքներ։
«Իհարկե, այդպիսով առաջխաղացման տեմպերը կդանդաղեն, բայց դա գիտակցված որոշում է՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- նշել է Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի զինված ուժերը չի հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին։
«Չնայած հակառուսական պատժամիջոցներին և Կիևին Արևմուտքի աջակցությանը՝ մենք կշարունակենք հատուկ ռազմական գործողությունը, քանի դեռ բոլոր խնդիրները չեն կատարվել»,- զգուշացրել է նախարարը։
ԿԻԵՎԻ ԶԵՆՔԸ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Կիևին չի բավականացնում այն զենքը, որը տրամադրում են միջազգային գործընկերները՝ հայտարարել է արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան։ Նա կրկին դիմել է միջազգային հանրությանը, կոչ արել արագացնել հատկապես համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և զրահափոխադրիչների մատակարարումները: Ավելի վաղ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել էր, որ ռուսական զորքերը ուկրաինական կողմից 20 անգամ ավելի շատ տեխնիկա ունեն։
ՆԱՏՕ-Ն ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ ՉԻ ԴԱՌՆԱ
ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության կողմ չի դառնա, այնտեղ զորքեր չի ուղարկի՝ համոզմունք է հայտնել դաշինքի գլխավոր քարտուղարը:
«Աջակցե՞լ Ուկրաինային: Այո՛, բայց առանց պատերազմին անմիջական ներգրավվածության»,- ասել է Ենս Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ։
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՆ ՈՒ ՄԱՐԻՈՒՊՈԼԸ՝ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ
Ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած Խերսոնի շրջանը առանձին անկախություն հռչակելու ծրագրեր չունի, նպատակը ՌԴ սուբյեկտ դառնալն է՝ հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալը։
Կիրիլ Ստրեմուսովի խոսքով՝ ապագա կարգավիճակի հարցը որոշելու համար հանրաքվե դեռևս չի անցկացվի։
«Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մեր ծրագրի համաձայն՝ մինչև տարեվերջ պետք է լիովին համապատասխանենք Դաշնության օրենսդրության չափանիշներին»,- մանրամասնել է պաշտոնյան։
Տեղական իշխանությունները հայտնել են նաև, որ շրջանում երկարժույթի համակարգ է սահմանվում՝ գրիվնային զուգահեռ շրջանառության մեջ կդրվի նաև ռուսական ռուբլին։
Սանկտ Պետերբուրգի և Մարիուպոլի իշխանություններն էլ ծրագրում են քույր քաղաքներ դառնալ։ Նշվում է, որ համապատասխան փաստաթուղթը կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետում։
ԿՔՆՆԱՐԿՎԻ ՇՎԵԴԻԱՅԻ ՈՒ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՐՑԸ
ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների և Անկարայի բանակցությունները կանցկացվեն վաղը՝ մայիսի 25-ին՝ հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Խորհրդակցությանը կմասնակցեն նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, փոխարտգործնախարար Սեդատ Օնալը, Շվեդիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար Օսկար Ստենստրյոմը և Ֆինլանդիայի արդարադատության նախարարի տեղակալ Յուկկա Սալովաարը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հույս են հայտնել, որ Անկարայի մտահոգությունները կփարատվեն, և Շվեդիան, Ֆինլանդիան ու Թուրքիան կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Անկարան չի աջակցի ՆԱՏՕ-ին Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը, քանի դեռ նրանք ահաբեկչական չեն ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Թուրքիային արտահանձնել մի խումբ քրդերի, որոնք, պաշտոնական Անկարայի կարծիքով, ահաբեկիչներ են։ Էրդողանը պահանջել է նաև վերացնել հակաթուրքական պատժամիջոցները, մասնավորապես՝ զենքի էմբարգոն։
ԹՈՒՐՔԻԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում ռազմական նոր գործողության՝ իր հարավային սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգային գոտի ստեղծելու նպատակով՝ տեղեկացրել է Էրդողանը։
«Հենց Թուրքիայի զինված ուժերը ավարտեն նախապատրաստական աշխատանքները հետախուզության և անվտանգության ոլորտներում, այդ գործողությունները կմեկնարկեն»,- տեղեկացրել է նա:
Նախագահի խոսքով՝ Սիրիայի հյուսիսում այն տարածքները, որոնք Թուրքիայի զինված ուժերի վերահսկողության տակ չեն, օգտագործվում են իր երկրի վրա հարձակումներ իրականացնելու համար: Տարվա սկզբից այդ հատվածներում հաճախակի են դարձել թուրքական բանակի ու քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների միջև բախումները: