Ուկրաինայից երրորդ երկրի միջոցով Հայաստան ժամանած մեր համաքաղաքացիների մի մասը կարող է օգտվել բնակարանի վարձի փոխհատուցման ծրագրից:
Վերաինտեգրման ծրագրի աջակցությունը 6 ամսով է՝ ամսական 60 հազար դրամ: Միգրացիոն ծառայության վերաինտեգրման ծրագիրը գործում է արդեն երեք տարի, վերջին եռամսյակում ծրագրից օգտվել է Ուկրաինայից եկած 4 ընտանիք: Այս պահին պետությունը հնարավորություն ունի աջակցելու ևս 3 տասնյակ ընտանիքի: Հայրենիք վերադարձածները ծրագրին կարող են դիմել Հայաստան գալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
Նելլի Դավթյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Օգտվելու համար պետք է անձը բավարարի ծրագրի երկու չափորոշչի, առաջինը՝ կամ հաշմանդամություն ունեցող անդամ լինի ընտանիքում, կամ երկրորդը՝ բազմազավակ ընտանիք լինի՝ չորս և ավելի զավակներ ունեցող:
Տարեկան մինչև 39 ընտանիքի աջակցելու հնարավորություն ունենք, բայց 2020-ին, երբ ծրագիրը մեկնարկեց, համավարակով պայմանավորված, հոսքը հետվերադարձի, տենդենցները դեպի Հայաստան, նվազել էր, և մինչև այսօր չի լրացել այդ տեղերի քանակը. 44 շահառու ընտանիք ենք ունեցել, որից 10-ը՝ այս տարի, որից 4-ը՝ Ուկրաինայից վերադարձած ընտանիքներ են:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան