Դեռ խորհրդային տարիներից այս անհրապույր սենյակներում է գործում Ոսկեհատի բուժամբուլատորիան: Սպիտակ խալաթավոր մարդիկ գրեթե գոյություն չունեցող պայմաններում նույնիսկ փորձում են առաջին օգնություն տրամադրել պացիենտներին: Բայց բուժանձնակազմն առավելագույնն է անում, որ գոնե սպասարկման հարցում նրանց գոհացնի:
Աշոտ Մուրադյան (Ոսկեհատի բնակիչ) - Պայմանները՝ հա, բայց իրենց աշխատանքից գոհ եմ:
Բուժամբուլատորիան բազմաբնակարան շենքի առաջին հարկում է: Վթարային շինության գրեթե բոլոր պատերը փլուզման եզրին են: Ոսկեհատը մոտ 3000 բնակիչ ունի: Օրական մինչև 20 հոգի առողջական տարբեր խնդիրներով բուժամբուլատորիա է դիմում, իսկ այստեղ ոչ միայն աշխատանքային պայմաններ չկան, այլև ջուր, գազ ու սանհանգույց: Լվացվելու հարցը այստեղ պապենական մեթոդով են լուծել:
Գոհար Եղոյան (բուժքույր) - Նախարարությունից որ եկել էին, ասացին՝ կարո՞ղ ենք լվացվել, ուղեկցեցի լվացարանի մոտ, զարմացան, իրար էին կանչում, ասում էին՝ եկեք, տեսեք...
Մի այլ փորձություն է ձմռանը ջերմության հարց լուծելը: Վառարանից ծուխը ներս է լցվում, աշխատելը դառնում է անհնար: Բուժանձնակազմը անելանելի վիճակում էր հայտնվել հատկապես քովիդի պիկ շրջանում. պացիենտներին ու հղիներին վարակակիրներից հեռու պահելու համար սենյակը ծածկոցներով բաժանել էին մի քանի մասի, սենյակի մեջ նոր սենյակներ սարքել:
Աստղիկ Նադանյան (բուժքույր) - Ձմռանը որ հիվանդների գալիս էին, մանավանդ կորոնայի ժամանակ, չէինք իմանում՝ առողջին սպասացնել տայինք էն սառը սենյակո՞ւմ, թե՞ հիվանդին հանեինք, որի՞ն ընդունեիք, որի՞ն՝ ոչ: Ստեղ կարդիոգրամմա ենք անում...
Համայնքների խոշորացման շրջանակում Ոսկեհատը, իր բազմաթիվ խնդիրներով, ամիսներ առաջ միավորվեց Էջմիածնի հետ:
Ղեկավարությունը բուժամբուլատորիայի հարցը լուծելու առաջնահերթություն սահմանեց. որոշվեց այն անհապաղ տեղափոխել: Ընտրությունը կանգ առավ գյուղապետարանի վարչական շենքի վրա:
Դիանա Գասպարյան (Վաղարշապատ համայնքի ղեկավար) - Որոշեցինք բուժամբուլատորիան տեղափոխել գյուղապետարանի շենքի առանձնացված հատված: Նաև դիմել ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին: Այդ Ծրագրի շրջանակում հնարավորություն կունենանք վերանորոգել, կահավորել, զինել տեխնիկայով:
Դիանա Գասպարյանը չի բացառում, որ Ոսկեհատի բուժամբուլատորիան մինչև տարեվերջ նոր շենքում կգործի: