554 ՄԼՆ ԴՐԱՄ՝ «ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Երևանի քաղաքապետարանը պահուստային ֆոնդից 554 միլիոն դրամ տրամադրեց ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությանը՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքների առաջին փուլի համար: Երևանի ավագանու նիստի մի մասը վարում էր փոխքաղաքապետը: Քաղաքապետը կառավարությունում էր, միացավ ավելի ուշ: Լևոն Հովհաննիսյանը նշեց՝ նախագծի մշակումից հետո միայն պարզ կդառնա, թե ինչ կարժենա և որքան կտևի մետրոյի նոր կայարանի շինարարությունը:
Փոխքաղաքապետներից մյուսն էլ՝ Ստեփան Մաչյանը, պատասխանելով զգալի միջոցներ տրամադրելու մասին ավագանու անդամների հարցին, նշեց՝ այդ գումարը նման մեծ պրոյեկտի համար շատ չէ:
Ստեփան Մաչյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 840 միլիոն դրամ` մոտավորապես 3.7 միլիոն դոլար: Նախատեսվում է կառուցել ինժեներական կառույց, որը նախագծվելու է 1 տարուց ավելի: Սա շինարարական աշխատանքների և ինժեներական աշխատանքների ամենապատասխանատու և ամենածանր հատվածն է:
Երևանի ավագանին 414 միլիոն դրամ հատկացրեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին՝ կանոնադրական կապիտալի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով: Ավագանու անդամները, տրանսպորտային բարեփոխումներից բացի, նաև արձանագրված խախտումների մասին խոսեցին, հորդորեցին ուշադրություն դարձնել դրանց:
Լևոն Զաքարյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) - Վարորդները ծխում են, վարորդները հեռախոսով խոսում են, վարորդները գումար են շորթում քաղաքից: Դա հանցագործություն է, երբ վարորդը գումարը դնում է իր գրպանը: Հազարավոր մարդիկ տեսնում են, մենք տեսնում ենք, բայց չկա ապացույց: Էլ ո՞նց ապացուցենք, երևի բերենք էստեղ, էդ կադրերը էկրանի վրա ցույց տանք:
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ: Երևանի քաղաքապետն այսօր անդրադարձավ հենապատի փլուզմանը: Հրաչյա Սարգսյանը նշեց, որ իրենց մասնագետները ճանապարհի ճաքերը դեռ մեկ ամիս առաջ են նկատել, ու եզրակացություն ունեին, որ փլուզման վտանգ չկա:
Քաղաքապետը նշեց՝ ճանապարհի որոշ հատվածներ այս պահին ամբողջությամբ փոխվում են: Սարգսյանի խոսքով՝ սա միջանկյալ լուծում է, որի ավարտից հետո ճանապարհի ամբողջ երկայնքով արգելապատնեշ պետք է կառուցվի:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Այս պահի դրությամբ գնահատել, որ, այո՛, եթե մենք նախօրոք իմանայինք, որ այդպես է, միգուցե հնարավոր լիներ շուտ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել:
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ
Ավագանու նիստում քննարկվեց Երևանի որոշ պոլիկլինիկաներ վերամիավորելու ծրագիրը: Առաջին փուլով նախատեսվում է փոքր՝ 10-25 հազար բնակչություն սպասարկող կենտրոնների միացում: Այդ պոլիկլինիկաներում երեխաներին սպասարկող նեղ մասնագիտական կաբինետի բժշկի ամսական աշխատավարձը 78000 դրամ է, բուժքույրինը՝ 40000 դրամ:
Գևորգ Սիմոնյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Երևանի ենթակայության թիվ 1, 4, 5, Նորագավիթի, Նուբարաշենի, Սարի թաղի և Արաբկիրի մանկական պոլիկլինիկաները հանդիսանում են փոքր պոլիկլինիկաներ, որտեղ նեղ մասնագիտական կաբինետի բժիշկների և բուժանձնակազմի դրույքները ստացվում են 0.25 դրույքից մինչև առավելագույնը 0.75 դրույք, որին համապատասխանող աշխատաժամանակից ստացվում է միջինը օրական 3 ժամ, ըստ մասնագիտությունների՝ 2-4 ժամ, ինչի արդյունքում հաճախ քաղաքացիներին սպասարկող տեղամասային թերապևտի և նեղ մասնագետի աշխատաժամերը չեն համընկնում, քաղաքացին ստիպված է լինում մեկից ավելի այցեր կատարել բավարար բուժօգնություն ստանալու համար:
Երևանի ավագանու որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյան 7 ձգվող փողոցն անվանակոչվեց արձակագիր Արտաշես Քալանթարյանի անվան: