Մայիսի 23-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ հայ-ղազախական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։ Դեսպանի խոսքով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Նշելով, որ երկու երկրների միջև առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, Արմեն Արզումանյանը հավելել է, որ Հայաստանի Կառավարությունը շահագրգռված է և պատրաստ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները։
Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի տնտեսական ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում։
Դեսպանն անդրադարձել է նաև Ալմաթի-Երևան ուղիղ չվերթերի գործարկման կարևորությանը և տեղեկացրել, որ հունիսի 2-ին գործարկվելու է առաջին ուղիղ չվերթը Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղղությամբ, որն իրականացվելու է «ՖլայԱրիստան» ավիաընկերության կողմից։
Հանդիպման ընթացքում հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ 9-րդ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել են օրակարգային հարցերը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել առևտրատնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։