ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՄԵԿ ՊԱՅՄԱՆՈՎ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միայն այն դեպքում, եթե օրակարգում լինի հակամարտության դադարեցման հարցը։ Միաժամանակ նա խոստովանել է՝ նման հանդիպման կազմակերպումն ավելի ու ավելի է բարդանում։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ «նույնիսկ վաղը» պատրաստ է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման։
«Այսօր գերության մեջ է մի քանի հազար մարդ․ մեզ այս հարցում հարկավոր է միջազգային դերակատարների աջակցությունը»,- մանրամասնել է Զելենսկին։
Նա պատասխանել է նաև լրագրողների հարցին՝ իրատեսակա՞ն է արդյոք Ղրիմի վերադարձն Ուկրաինային։
«Այժմ դա կհանգեցնի հարյուրհազարավոր զինվորների մահվան»,- նշել է նախագահը, զգուշացրել՝ պատերազմի հաջորդ շաբաթները բարդ են լինելու, իսկ այժմ մարտական ամենադժվար իրավիճակը ստեղծվել է Դոնբասում։
«Այնտեղ ռուսական կողմը մեզնից 20 անգամ ավելի շատ տեխնիկա ունի։ Ես արդեն մեկ ամիս է՝ դիմում եմ մեր բոլոր գործընկերներին՝ մեծ թվով մարդկանց ենք կորցնում, դուք ամեն ինչ ունեք նրանց փրկելու համար։ Պարզապես լսե՛ք մեզ»,- նշել է Զելենսկին։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից մարտական գործողություններում ներգրավված է մոտ 700 հազար մարդ։
ՌԴ-Ն ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՎՐԱ
Ռուսաստանը հույսը դնելու է միայն իր և այն երկրների վրա, որոնք ապացուցել են իրենց հուսալիությունը՝ համոզմունք է հայտնել Սերգեյ Լավրովը։
«Իսկ եթե արևմտյան երկրները խելքի գան և գործակցության վերականգնման ձևաչափեր առաջարկեն, մենք կմտածենք՝ պե՞տք է դա մեզ, թե՞ ոչ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Երկրի գլխավոր դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի հետագա զարգացման համար հարկավոր է կենտրոնանալ Եվրասիական տարածաշրջանի վրա․ «Եվրասիան դառնում է աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանը․ պետք է օգտագործենք դրա տրանսպորտային, տարանցիկ և լոգիստիկ կարողությունները»,- ընդգծել է Լավրովը։
Նա տեղեկացրել է նաև, որ շուտով նոր թափ կստանա Ռուսաստանի և Չինաստանի միջև տնտեսական գործակցությունը։
ՓԱՐԻԶԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԵՄ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԻԵՎԻ ՀԱՅՏԸ
Ֆրանսիայի ԱԳՆ-ում պարզաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԵՄ անդամ պետությունների և կառույցին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ ցանկացողների համար եվրոպական քաղաքական համայնք ստեղծելու առաջարկը։
«Այն չի փոխարինելու ԵՄ անդամակցությանը․ ավելին՝ այս նախաձեռնությունը կոչված է օգնելու Կիևին»,- հավատացրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը։
Նա հայտարարել է՝ Փարիզը ողջունում է կառույցին անդամակցելու Կիևի հայտը:
«Եվրահանձնաժողովն այժմ դիտարկում է հայտը, հունիսին այն Եվրոպական խորհրդում կքննարկեն պետությունների և կառավարությունների ղեկավարները: Ուկրաինան եվրոպական ընտանիքի մաս է»,- հավելել է պաշտոնյան։
Ավելի վաղ Կլեման Բոնը հայտարարել էր, որ Կիևի անդամակցությունը Եվրամիությանը կարող է տևել 15-20 տարի։
Արձագանքելով ֆրանսիացի գործընկերոջ հայտարարություններին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հավաստիացրել է՝ դրանք չեն ազդի Կիևի եվրաինտեգրման գործընթացի վրա։
ԹՈՒՐՔԻԱ-ՀՈՒՆԱՍՏԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցից հետո իր համար այլևս գոյություն չունի։
«Մենք մեր բոլոր գործընկերներին բացատրեցինք Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում՝ մենք հանդես ենք գալիս ահաբեկչության կանխարգելման օգտին։ Ինչպե՞ս է Հունաստանը վերաբերվում մեզ հիմա։ Մենք պայմանավորվել էինք, որ Աթենքի հետ մեր բանակցություններին երրորդ երկրներ չպետք է ներգրավվեն։ Դրանից հետո Միցոտակիսը Վաշինգտոնին հորդորում է F-16-ներ չվաճառել Թուրքիային»,- մտահոգություն է հայտնել Էրդողանը։
Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն արձագանքել է՝ Աթենքը մտադիր չէ Թուրքիայի ղեկավարության հետ վեճի բռնվել Էրդողանի հայտարարություններից։ «Վարչապետ Միցոտակիսը պաշտպանում է մեր ներքին և միջազգային շահերը, Հունաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է պատմության և միջազգային իրավունքի վրա, որքան էլ դա չմտահոգի ոմանց»,- հավելել է պաշտոնյան։
ՄՈԼԴՈՎԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՀԵՏ
Քիշնևը պատրաստ է միջազգային ռազմական օգնություն ընդունելու ազգային բանակի պաշտպանունակության բարձրացման համար՝ հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հայտարարությունը Քիշնևին զենք մատակարարելու հնարավորության մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը ևս պատրաստ է անհրաժեշտության դեպքում զենք մատակարարելու Մոլդովա. դրա շուրջ բանակցություններն արդեն սկսվել են:
Երկրի արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ Մոլդովան գործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ հաշվի առնելով երկրի չեզոք կարգավիճակը: