ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՆԵՐԸ ԲԱՐԴ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ կնստի այն ժամանակ, երբ վերադարձնի փետրվարի 24-ից հետո կորցրած տարածքները, հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Դրանք վերադարձնելու համար, ամենայն հավանականությամբ, զոհեր կպահանջվեն»,- մտահոգություն է հայտնել նախագահը։
Նրա գնահատմամբ՝ աշխարհը միասնականություն է ցուցաբերում ստեղծված իրավիճակում:
Ավելի վաղ Զելենսկին տեղեկացրել էր, որ պատրաստ է հանդիպել միայն Ռուսաստանի նախագահի հետ և միայն այն դեպքում, եթե նրանք քննարկեն հակամարտության դադարեցման հարցը։ Երկրի ղեկավարը նաև զգուշացրել է՝ պատերազմի հաջորդ շաբաթները բարդ են լինելու։
ՌԴ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին՝ կազմակերպության միասնությունը խարխլելու Արևմուտքի քայլերի ֆոնին, հայտարարել է Սերգեյ Շոյգուն: Պաշտպանության նախարարի խոսքով՝ Մոսկվան կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին ինքնիշխանության պահպանման գործում:
Նա անդրադարձել է նաև Ուկրաինայում իրավիճակին, հայտնել՝ երկրի շրջափակված բնակավայրերից մարդկանց տարհանման համար հայտարարվում է լռության ռեժիմ, ստեղծվում են հումանիտար միջանցքներ։
«Իհարկե, այդպիսով առաջխաղացման տեմպերը կդանդաղեն, բայց դա գիտակցված որոշում է քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- նշել է Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում, հավելել՝ հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, մինչև դրա բոլոր խնդիրները չկատարվեն։
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՑ ՈՒ ՇՎԵԴԻԱՅԻՑ
ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը համաձայնելու համար Թուրքիան ցանկանում է գրավոր երաշխիքներ ստանալ այդ երկրներից, Պաղեստին կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
«Ստոկհոլմը և Հելսինկին պետք է հրաժարվեն ահաբեկիչներին աջակցելուց։ Մեր նախագահն ասել է՝ դիվանագիտությունը մեր առաջնահերթությունն է»,- նշել է Մևլութ Չավուշօղլուն։
Անկարան ևս մեկ պահանջ ունի՝ վերացնել Թուրքիա պաշտպանական արտադրանքի մատակարարման էմբարգոն։
«Միացյալ Նահանգներից F-16 կործանիչների ձեռքբերման գործընթացը շարունակվում է, Կոնգրեսից դրական ազդակներ ենք ստանում»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև բանակցությունները կանցկացվեն վաղը Անկարայում։
Մինչ այդ Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն փոխադարձ տեխնիկական համաձայնագիր են ստորագրել։ Երկրի պաշտպանության նախարարի խոսքով՝ այդ փաստաթուղթը «կուժեղացնի Ֆինլանդիայի պաշտպանունակությունը և թույլ կտա ռազմական օգնություն ստանալ Հյուսիսատլանտյան դաշինքից»։
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ 6-ՐԴ ՓԱԹԵԹԸ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը վստահություն է հայտնել՝ ԵՄ-ն շուտով որոշում կկայացնի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ, որում, ենթադրաբար, կներառվեն Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգո սահմանելու տարբերակներ:
Աննալենա Բերբոքը պնդել է, որ Միության 27 երկրներն ընդգծում են ռուսական նավթի և գազի մատակարարումից հրաժարվելու անհրաժեշտությունը։
«Մենք ցանկանում ենք լիովին անկախանալ ռուսական էներգակիրներից։ Սակայն կառույցի անդամները տարբեր աստիճանի կախվածություն ունեն այդ մատակարարումներից։ Հետևաբար, ավելի շատ ժամանակ կպահանջվի համաձայնության հասնելու համար»,- մանրամասնել է պաշտոնյան։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, սակայն, առաջարկել է Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում չքննարկել ռուսական նավթի էմբարգոյի հարցը, քանի որ Միության առաջնորդների շրջանում կոնսենսուս դեռևս չկա։
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ԱՄՆ-ԻՆ
Վաշինգտոնը «բարձր գին» կվճարի, եթե շարունակի Թայվանի հարցում սխալ ճանապարհով գնալ, նախազգուշացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Թայվանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները:
«Ուզում եմ հիշեցնել ամերիկյան կողմին, որ ամբողջ աշխարհում չկա մի ուժ, որը կարող է պարտությունից փրկել Թայվանի անկախության օգտին հանդես եկողներին»,- ասել է Վան Վենբինը։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական աջակցություն ցուցաբերել Թայվանին:
ԿԱՊԻԿԻ ԾԱՂԻԿՈՎ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐ ՍԼՈՎԵՆԻԱՅՈՒՄ ԵՎ ՉԵԽԻԱՅՈՒՄ
Սլովենիայում և Չեխիայում հայտարարել են կապիկի ծաղիկ հիվանդությամբ մարդկանց վարակման առաջին դեպքերի մասին։ Տեղական իշխանությունների կարծիքով՝ վարակի տարածումը հնարավոր է արագ կանխել, բայց, միևնույն ժամանակ, կոչ են արել բոլոր կոնտակտավորներին 21-օրյա կարանտին անցնել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից տեղեկացնում են, որ մայիսի 7-ից Եվրոպայի և Միացյալ Նահանգների 19 երկրում գրանցվել է կապիկի ծաղիկով մարդկանց վարակման 130-ից ավելի հաստատված դեպք։
Սա հազվադեպ հանդիպող վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, հիմնականում մարդուն փոխանցվում է վայրի կենդանիներից: Ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմություն, ցան, քոր և մկանային ցավ։