ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը դիմեց ՀՀ քաղաքացիներին:
«Այսօր Ազգային ժողովը քննարկում է մոտ 22 նախագիծ: Դրանց թվում են այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են՝ Քրեական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը, ԿԲ տարեկան զեկույցը, շահումով խաղերի հետ կապված նախագիծը, որով արգելվելու է այսուհետ կանխիկ դրամով շահումով խաղերի մասնակցելը, այսինքն՝ կանխիկ գումարով օնլայն կազինոները խաղալը, որը կարևոր բաղկացուցիչ է լինելու խաղամոլության դեմ մեր հայտարարած պայքարի շրջանակներում:
Իսկ այս ընթացքում, սիրելի՛ քաղաքացիներ, դահլիճի աջ կողմի աթոռները դատարկ թողած ընդդիմադիրները, որոնց դուք ձեր աշխատավարձից, ձեր եկամուտներից, ձեր վճարած հարկերից տալիս եք աշխատավարձ, զբաղված են մանր խուլիգանությամբ, այն է՝ ներխուժել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մի քանի պատգամավորով, այնտեղ մանր խուլիգանություններով փորձում են հունից հանել այն դիվանագետներին, որոնք օրեր շարունակ աշխատում են, որպեսզի Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար ապահովեն կայունություն:
Ստիպում են այդ մարդկանց տեսախցիկների առաջ անել արտահայտություններ, որոնք գուցե այդ կայունության վերացման, տատանման ու էսկալացիայի պատճառ դառնան: Ի՞նչ են ուզում այս մարդիկ, ո՞ւմ շահերն են սպասարկում և ինչո՞ւ են պաշտպանում այլոց շահերը, եթե նրանց աշխատավարձը վճարում եք դուք»,- ասաց Ալեքսանյանը: