Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ գնաճային զարգացումների ֆոնին ԿԲ-ն 2021 թվականի ընթացքում շարունակել է վարել դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն: Այդ ընթացքում բարձրացվել է տոկոսադրույքը ընդհանուր հաշվով 2.5 տոկոսային կետով: Արդյունքում՝ տարեվերջին 12-ամսյա գնաճը սկսել է աստիճանաբար նվազել՝ 2021 թվականի դեկտեմբերին կազմելով 7.7 տոկոս:
«2020 թվականի վերջին, երբ Հայաստանում գնաճը էապես ցածր էր թիրախային մակարդակից ու կազմում էր 1.6 տոկոս, ԿԲ-ի համար որոշում կայացրինք, որ պահանջարկով պայմանավորված շղթաների խաթարման պայմաններում վերականգնվող պահանջարկի գնաճային ազդեցությունները կլինեն մեծ, ուստի բարձրացրինք տոկոսադրույքը մեկ տոկոսային կետով:
2021 թվականի ընթացքում ԿԲ-ն շարունակել է հետևողականորեն խստացնել դրամավարկային քաղաքականությունը՝ ուղղված արտաքին գնաճային գործոնների պայմաններում հասարակության գնաճային սպասումների խարսխմանը և գների կայունության նպատակի ապահովմանը:
Տարվա ընթացքում տոկոսադրույքի աստիճանաբար բարձրացումը թույլ տվեց 12-ամսյա գնաճը պահպանել հարաբերականորեն կառավարելի տիրույթում և մինչև 2022 թվականի փետրվարի վերջ ապահովել գնաճի նվազում մինչև 6.5 տոկոս մակարդակ:
Հատկանշական է նշել, որ աշխարհի այն բացառիկ երկրներից էինք, որտեղ այդ պահի դրությամբ գնաճն ուներ նվազման միտում, ինչը հետո շրջվեց՝ պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով և այլ տիպի զարգացումներով»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ եթե ԿԲ-ն 2020 թվականի դեկտեմբերից տոկոսադրույքի փոփոխությամբ չարձագանքեր արագացող գնաճին և տոկոսադրույքը թողներ անփոփոխ ամբողջ տարվա ընթացքում, ապա տարվա ընթացքում գնաճն անընդհատ կարագանար՝ հասնելով 13 տոկոսի: