«Գլոբինգի» ավելի քան 256 հազար հաճախորդի անձնական տվյալներ են հրապարակվել՝ հասցեներ, հեռախոսահամարներ, անձնագրի սերիաներ: Ամեն ինչից դատելով՝ սա հաքերային հարձակում է: Տեղեկությունն առաջինը հրապարակեց անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը, որն այդ բազայում իր տվյալներն էլ է գտել:
Արթուր Պապյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Այնտեղ չկան վճարային քարտերի տվյալներ, որովհետև այս հրապարակումից հետո շատերն ինձ հենց այդ մասին են հարցնում, ֆինանսական որևէ տվյալ չկա, և շատերը, ում ստուգել ենք, իսկապես «Գլոբինգի» հաճախորդներ են, և իսկապես «Գլոբինգում» գրանցված տվյալներն են, որ այդ բազաներում հայտնվել են: Ամեն դեպքում հաստատ պնդել, որ դա «Գլոբինգից» է, չեմ կարող, բայց այն, որ համընկնումները շատ-շատ են, դա հաստատ է:
«Protonmail-ով ստեղծված՝ անանուն մեյլի հասցեից Հայաստանի լրատվամիջոցներին նամակ էր ուղարկվել, որի հեղինակը պնդում է, թե մեկ տարի առաջ խոցելիություն է հայտնաբերել «Գլոբինգի» կայքում, այդ մասին մի քանի անգամ նամակով տեղեկացրել են ընկերությանը, սակայն իրենց զգուշացումներն անտեսել են»,- Ֆեյսբուքում գրել էր Պապյանը, հավելել՝ մեկ տարի անց, տեսնելով, որ խոցելիությունը դեռ չի շտկվում, իսկ իրենց շարունակում են անտեսել, որոշել են հրապարակել հաճախորդների բազան:
Արթուր Պապյան - Ես կարծում եմ, որ իրականում «Գլոբինգը» հարձակման է ենթարկվել, և «Գլոբինգի» դեմ շանտաժ է կիրառվում, ինչ-որ մեկը չարամիտ դիտավորությամբ է սա անում՝ փորձելով սևացնել: Ի վերջո, հասկանանք, որ նա, ով արել է սա, հաքերային գործողություն է կատարել, որը Հայաստանի և աշխարհի ցանկացած երկրի օրենսգրքով պատժելի արարք է:
«Եթե պարզվի, որ արտահոսքը տեղի է ունեցել «Գլոբինգի» բազայից, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով համապատասխան պարտավորություններ կան, որոնք տվյալներ մշակողը պարտավոր է իրականացնել»,- ասում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը: Արտահոսքին տեղյակ են, ընկերության հետ կապի մեջ:
Գևորգ Հայրապետյան (ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ) - «Գլոբինգի» հետ որոշակի կոմունիկացիա արել ենք. այս պահին միանշանակ հնարավոր չէ դեռևս պնդել, որ դա «Գլոբինգի» տվյալների բազան է ամբողջական, որովհետև «Գլոբինգը» ներկայացնում է առնվազն մի քանի անհամապատասխանություններ, որոնք որոշակի վերապահման տեղիք են տալիս:
Պաշտոնական հայտարարություն է տարածել նաև «Գլոբինգը», տեղեկացրել՝ ընկերության ինֆորմացիոն անվտանգության հարցերով այս պահին ներգրավել են տեղի ու միջազգային մասնագետների, որոնք պետք է պարզեն` արդյոք շրջանառվող տվյալների պահոցները պատկանում են «Գլոբինգի՞ն», քանի որ այդ պահոցներն իրենց բովանդակությամբ և կառուցվածքով առկա են մի շարք այլ աղբյուրներում:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Protonmail-ը, որից ուղարկվել է նամակը, էլեկտրոնային փոստի ծառայություն է և գտնվում է Շվեյցարիայում. այն գաղտնագրվում է, և գրեթե անհնար է գտնել ուղարկողին:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Սա պահանջում է շատ երկար ուսումնասիրություն, որպեսզի պարզ լինի՝ արդյոք դեպքը երբ է եղել, և, ընդհանրապես, եղե՞լ է, թե՞ ոչ, կամ արտահոսքը կարող է` ներքին բնույթ ունի, կամ, օրինակ` տվյալների բազան հավաքած է մի շարք բազաներից:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Լուրերին» հայտնել է, որ Արթուր Պապյանի և «Գլոբինգ» ընկերության հայտարարություններն այժմ ուսումնասիրվում են:
Հեղինակ` Էդուարդ Հովհաննիսյան