ԱԺ-Ն ՔՆՆԱՐԿԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Ազգային ժողովը, Կառավարությունը կամ ցանկացած այլ պետական մարմին այլևս կարող է սեփական նախաձեռնությամբ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, եթե աշխատանքային գոտում նա խախտումներ է թույլ տվել: Օրենսդրական փոփոխությունը ՔՊ պատգամավորներն են հեղինակել: Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ սա չի նշանակում, թե լրատվամիջոցը զրկվելու է տվյալ պետական կառույցի աշխատանքը լուսաբանելուց:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Խոսքը վերաբերում է բացառապես աշխատանքային գոտու կանոնները խախտած լրագրողին, այն էլ մեկ տարվա մեջ նախազգուշացվելուց հետո երկրորդ անգամ, ինչից հետո լրատվամիջոցը, բնականաբար, հնարավորություն կունենա ներկայացնելու այլ լրագրողի:
Նախագիծը քննարկվել ու քննադատվել էր լրագրողական հանրության կողմից: Անդրադառնալով հնչած գնահատականներին՝ նախկին լրագրող, այսօր պատգամավոր Հովհաննիսյանը պնդեց՝ սա իրավունքների սահմանափակում չէ և նպատակ ունի պահպանել համակեցության կանոնները, ապահովել լրագրողների բնականոն աշխատանքը:
ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ՝ ՄԻԱՅՆ ԱՆԿԱՆԽԻԿ
Օրակարգային մեկ այլ հարցով էլ Կառավարությունը փոփոխություն է նախատեսում ռոյալթի համակարգում: Ֆինանսների փոխնախարարի խոսքով՝ 2023-ի հունվարի 1-ից պղնձի և մոլիբդենի խտանյութի, նաև մոլիբդենի արտահանման համար պետական տուրք այլևս չի գանձվի, բայց որ միջազգային շուկայում գների բարձրացումից շահույթ-հարկեր հարաբերակցությունն արդար լինի, կսահմանվի այսպես ասած գերշահույթի 10 տոկոսի շեմ, որից վերև կկիրառվի հավելյալ 15 տոկոս դրույքաչափով հարկ:
Արման Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Բաղադրիչը սկսում է կիրառվել, երբ շահութաբերությունը գերազանցում է 10 տոկոսը: Սա շատ կարևոր դրվագ է այն իմաստով, որ երբ մետաղների գները վերադառնան մի փոքր ավելի ցածր մակարդակի, կստացվի այնպես, որ մենք որևէ բեռ չենք ավելացնում ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների համար:
Պետական տուրքը սկսել էր գործել 2021-ի սեպտեմբերից, այդ ժամանակից մինչև այսօր, փոխնախարարի տվյալով, գրեթե 54 միլիարդ դրամ է գանձվել: Իսկ արդյոք արդա՞ր են ինտերնետ, շահումով խաղերի ոլորտում աշխատող ընկերությունների պետբյուջե վճարվող հարկերը՝ սա էլ կպարզվի, երբ նոր օրենքը մտնի կիրառության մեջ: ՔՊ պատգամավորների հեղինակած նախագիծն քննարկվեց երկրորդ ընթերցմամբ, Գևորգ Պապոյանը շեշտեց՝ այն առաջին հերթին նպատակ ունի պայքարելու խաղամոլության դեմ: Ըստ նոր կարգավորման՝ խաղադրույքները կկատարվեն բացառապես բանկային քարտերից, օրենքը ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո էլ՝ վճարային տերմինալներից խաղային հաշվին փոխանցում անելն այլևս կարգելվի:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այս եղանակով մենք սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՎԱՐԻ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾԵՐ
Մեկ այլ նախագծով էլ կթեթևանա Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը: Որ գործերի քննությունը պատշաճ և որակյալ իրականացվի, Կառավարությունն առաջարկում է իրավապահ մարմնի վարույթում թողնել միայն պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխանցել այլ կառույցների:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - 2021 թ. հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում ունեցել է 10-11 գործ, ինչը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների, չի կարող չանդրադառնալ քննության որակի վրա:
ՎԵՐԱՆԱՅՎՈՒՄ Է ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Արդարադատության նախարարության մշակած մյուս նախագծով էլ դատապարտյալներին հնարավորություն կտրվի ստանալ 9 կամ 12-ամյա միջնակարգ կրթություն՝ անկախ տարիքից: Ըստ փոխնախարարի՝ այս պահին քրեակատարողականներում դպրոցի ատեստատ չունեցող 300 դատապարտյալ կա, 100-ն արդեն ցանկություն են հայտնել սովորել:
Այսօր էլ նիստն անցավ առանց ընդդիմության: Վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքար հայտարարած պատգամավորների քայլերին անդրադարձան Վլադիմիր Վարդանյանն ու Վահագն Ալեքսանյանը:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Էս ընթացքում, սիրելի՛ քաղաքացիներ, դահլիճի աջ կողմի աթոռները դատարկ թողած ընդդիմադիրները, որոնց դուք ձեր աշխատավարձից, ձեր եկամուտներից, ձեր վճարած հարկերից տալիս եք աշխատավարձ, զբաղված են մանր խուլիգանությամբ, այն է՝ ներխուժել են արտաքին գործերի նախարարության շենք մի քանի պատգամավորով, այնտեղ մանր խուլիգանություններով փորձում են հունից հանել այն դիվանագետներին, որոնք օրեր շարունակ աշխատում են, որպեսզի Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար ապահովեն կայունություն: Ստիպում են այդ մարդկանց տեսախցիկների առաջ անել արտահայտություններ, որոնք գուցե այդ կայունության վերացման, տատանման ու էսկալացիայի պատճառ դառնան: Ինչ են ուզում այս մարդիկ, ում շահերն են սպասարկում և ինչու են պաշտպանում այլոց շահերը, եթե նրանց աշխատավարձը վճարում եք դուք:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Կարելի է քաղաքական պահանջ ներկայացնել, կարելի է խոսել քաղաքական անհամաձայնության վերաբերյալ, կարելի է օգտագործել քաղաքական պայքարի տարատեսակ մեթոդներ, ներառյալ՝ բոյկոտը, բայց այն, ինչ կատարվում է այսօր, ըստ էության, պետականության ու իրավունքի գերակայության մերժում է՝ որպես այդպիսին:
ԳՆԱՃԱՅԻՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ
Օրվա վերջին օրենսդիրը լսեց Կենտրոնական բանկի տարեկան հաղորդումը: Գլխավոր դրամատան նախագահի խոսքով՝ գնաճային ճնշումները, որ սկսվել են անցած տարվանից, դեռ պահպանվում են: 2021-ն ավարտվեց 7.7 տոկոս գնաճով, այս թիվը կարող էր 13 տոկոսի հասնել, եթե, ըստ Գալստյանի՝ բանկը չբարձրացներ վերաֆինանսավորման տոկոսադրույքը: ԿԲ ղեկավարը լավատեսական սցենար այս տարվա համար դեռ չի կանխատեսում՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների հետ:
Ապրիլին մեր երկրում գնաճը կազմել է 8.4 տոկոս, բայց սա ամենացածրն է ԵԱՏՄ-ում, նաև հարևանի հետ համեմատ՝ սա էլ հիշեցրեց պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ինչ վերաբերում է ապագային, ապա դեռ մարտին ԿԲ-ն 2022-ի համար 1.6 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել:
Մարտին Գալստյանը չբացառեց, որ հունիսին վերանայվի այս ցուցանիշը՝ աճի միտումով: